Փոփոխություն՝ «Երևան-Զվարթնոց» օդանավակայան երթուղիում. որտեղի՞ց են շարժվելու ավտոբուսները
Վաղվանից «Երևան-Զվարթնոց» օդանավակայան երթուղու ավտոբուսները շարժվելու են Երիտասարդական մետրոյի հարակից տարածքից։ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ առավոտյան ժամը 7։00-ից մինչև 22։00-ն երթուղին աշխատելու է կես ժամը մեկ ինտերվալով, իսկ 22։00-ից մինչև առավոտյան 7։00-ն աշխատելու է մեկ ժամ պարբերականությամբ. «Այսինքն՝ շուրջօրյա ռեժիմը պահպանվում է։ Գնային փոփոխություն չի լինելու, նույն 300 դրամն է մնալու»։
Նոր երթուղին հետևյալն է լինելու․ Երևանից երթուղին սկսվում է Երիտասարդական մետրո-Աբովյան փողոց(կանգառը Կաթողիկե եկեղեցու մոտ)-Հանրապետության հրապարակ(Ազգային պատկերասրահի մոտ)-Ամիրյան փողոց(Չարենցի դպրոցի դիմաց)-Մաշտոցի պողոտա(Փակ շուկայի կանգառ)-Իսակովի պողոտա(Կենտրանական ավտոկայանի կանգառ)-Արգավանդ-Փարաքար-«Զվարթնոց» օդանավակայան։
Իսկ «Զվարթնոց» օդանավակայանից երթուղին մի փոքր փոփոխվում է. «Զվարթնոց» օդանավակայան-Փարաքար-Արգավանդ-Կենտրոնական ավտոկայան-Փակ շուկա և այլևս չի մտնում Ամիրյան, ապա՝ Հանրապետության հրապարակ, այլ Մաշտոցի պողոտայով շարունակվում է ընթացքը։ Փակ շուկայից հետո հաջորդ կանգառը լինում է Մաշտոցի պողոտայի Շահումյան դպրոցի դիմաց, ապա՝ Օպերայի հարակից տարածք-Կորյունի փողոց-Աբովյան փողոց-Երիտասարդական մետրոյի հարակից տարածք։
Անահիտ Առաքելյանը նաև նշեց, որ հերթապահ մի ավտոբուս դեռ շարունակելու է մնալ Հանրապետության հրապարկի շատրվանների մոտ, որպեսզի մարդիկ տեղեկանան՝ երթուղին փոխվել է. «Այդպես կլինի մի քանի օր, մինչև բոլորը տեղեկացվեն»։