«Քանի դեսպանը նշանակված չէ, դրա մասին ընդհանրապես չեն էլ խոսում». Շավարշ Քոչարյան

«Ես շրջանառվելը չգիտեմ, որովհետև կա միջազգային պրակտիկա՝ քանի դեսպանը նշանակված չէ, դրա մասին ընդհանրապես չեն էլ խոսում: Կան բացառություններ, դրանք այն երկրներն են, որտեղ դեսպանը հաստատվում է պառլամենտի կողմից: Նույն հարևան Վրաստանից մեզ մոտ բազմաթիվ դեսպաններ են նշանակվել, բայց երբևէ իրենց մամուլում այդ մասին չի խոսվել: Այդ տեսակետից ինձ համար ընդհանրապես անհասկանալի է այդ մոտեցումը, որ մինչև հրամանագիրը սկսում են շոշափել անուններ, դա այնքան էլ կոռեկտ չէ հարևան պետության նկատմամբ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով Վրաստանում Հայաստանի նոր դեսպանի նշանակման խնդրին:

Ըստ նրա` դեսպանների նշանակումը բացառապես նախագահի իրավասության շրջանակներում է, դա չի էլ քննարկվում, իսկ դեսպանի աշխատանքի մասին դատում են իր կատարած աշխատանքով. «Կաշխատի, այդ ժամանակ կտանք գնահատական»:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վրաստանում ՀՀ դեսպան է նշանակվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը, որը փողոցային շների ստերիլիզացմամբ զբաղվող «Յունիգրաֆ իքս» ընկերության հիմնադիրն է:

Տեսանյութեր

Լրահոս