Բաժիններ՝

«Ես իմ աշխատողներին մատ թափ կտայի». Վահե Հակոբյանը` Արթուր Սարգսյանի ծննդյան տոնակատարության մասին

Շուրջ 1 ժամ առաջ Սիսիանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Կարեն Համբարձումյանն ինքնաբացարկ է հայտնել, և ՀՀԿ-ի թեկնածուն` գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանը, նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում միակն է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

«ԲՀԿ-ի թեկնածուն հրաժարվել է պայքարից: Որքան տեղյակ եմ, այսօր նա կանի հայտարարություն, դա իր որոշումն է, ես պարտավոր եմ հարգել այն»,- ասաց Վ.Հակոբյանը:

Անդրադառնալով Արթուր Սարգսյանի ծննդյան տոնի տեսանյութի տարածման փաստին` Վ.Հակոբյանը նշեց, որ այդ «չարաբաստիկ» տեսանյութը հրապարակվել էր Youtube-ում, հետո տարածվել ԲՀԿ-ի կողմից, սակայն այն 6 ամսվա վաղեմություն ունի.

«Սիսիանի քաղաքապետի ծնունդը 6 ամիս առաջ էր, դա իր աշխատակազմի մտահղացումն էր, այսինքն` պարզապես ուզում էին քաղաքապետին սյուրպրիզ անել: Հետո իրենք են տեղադրել, և, եթե այդպես էր, ինչո՞ւ դրանից հետո ԲՀԿ-ն չէր բարձրաձայնում դրանից առաջ, կամ գալիս են ու այդքան ոչ կոռեկտ արտահայտություններ են անում՝ Նաիրիա Զոհրաբյանը, նույն փոխխոսնակը՝ ԱԺ-ի ԲՀԿ-ի ներկայացուցիչ: Ի՞նչ ընտրարշավի մասին է խոսքը, և 6 ամսվա վաղեմության այդ տեսաերիզը հանում են ջրի երես»:

Հարցին` եթե իրեն նման անակնկալ մատուցեին մարզպետարանի աշխատակիցները, ի՞նչ կաներ, Վ.Հակոբյանը պատասխանեց, որ իր համար նման բան չէին անի, հակառակ դեպքում ինքը խիստ կդատապարտեր.

«Ես իմ աշխատողներին մատ թափ կտայի, կոպիտ ասած: Բայց ճիշտ հասկացեք, մարդիկ ուզեցել են պարզապես իրենց ղեկավարին հաճելի պահ պարգևել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս