Հերթական աղմկահարույց նախագիծը կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը. «բոմբերն» առջևում են. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում հերթական աղմկահարույց նախագիծը կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը: Խոսքը 2003-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի մասին է, որը բովանդակային լուրջ փոփոխության է ենթարկվել, քանի որ այն հնացած է համարվում:
Մասնավորապես՝ օրենսգրքի «Սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ» բաժնում ներառված է խտրականությունը, որը, փաստորեն, քրեականացվել է: Նախագծի 197 հոդվածում, որտեղ կիրառվում է «սեռական կողմնորոշում» եզրույթը և սահմանում է, որ խտրականությունը՝ մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերն ուղղակի կամ անուղղակի խախտելը՝ կախված մասնավորապես սեռական կողմնորոշումից, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը 80 ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Խտրականությունը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 80-150 ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
Այս հոդվածն արդեն իսկ մեծ հակազդեցություն է առաջացրել նախագծին ծանոթացած որոշ անձանց մոտ: Ոմանք դրույթը որակում են «ապազգային, հակաբարոյական» և մտավախություն են հայտնում, որ «ոչ ավանդական» սեռական կողմնորոշում ունեցողները կարող են օգտվել առիթից և հիշյալ հոդվածին հղում անելով՝ շանտաժի ենթարկել ուրիշներին։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։