«Այսօրվա իշխանություններին կարելի է մեղադրել բազմաթիվ բաների մեջ, սակայն ոչ հակառակորդի ընտրության». Վիգեն Սարգսյան

Հայաստանի զինված ուժերն ունեն զարգացման բազմաթիվ ծրագրեր, և խնդիր է դրված այդ ծրագրերն ավելի թռիչքաձև զարգացնել: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Բազմաթիվ ծրագրեր կան թե սպառազինության, թե կրթական ծրագրերի, թե հասարակություն-բանակ կապի ամրապնդման, ծառայության նոր տեսակներ ներգրավելու առումով: Ազգային ժողովում արդեն քննարկված և քվեարկված «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքները բավականին լուրջ իրավական հիմք է ստեղծում բանակի արդիականացման, նոր ծրագրերի ներդրման համար»,-ասաց նա

Նրա խոսքով՝ բանակի արդիականացմանը միտված աշխատանքները սկսել են գերագույն-գլխավոր հրամանատարի հանձնարարականից անմիջապես հետո և ամեն ինչ անելու են` ներկայացված կարճ ժամկետներում արդիականացման համալիր ծրագիր ներկայացնելու համար:

«Կարծում եմ, որ շատ կարևոր է, որպեսզի հասարակությունը համախմբվի այդ ծրագրերի իրականացման շուրջ: Այստեղ խոսքը բոլորովին պետության ռազմականացման մասին չէ: Խոսքն այն մասին է, որ մենք` որպես հասարակություն, պետք է հասկանանք, որ մեզ նետված է լուրջ մարտահրավեր: Այսօրվա իշխանություններին կարելի է մեղադրել բազմաթիվ բաների մեջ, սակայն ոչ հակառակորդի ընտրության, նրա տեսակի, ոչ էլ տարածաշրջանի նկատմամբ այդ հակառակորդի անպատասխանատու վերաբերմունքի համար: Մենք այս պայմաններում պետք է հասկանանք, թե ինչպես ենք ամրապնդվում»,- ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ հայ ժողովուրդը պետք է ընդունի այն իրականությունը, որում ապրում է. «Մենք ապրում ենք շատ բարդ տարածաշրջանում: Դա չի նշանակում, որ մենք պետք է տկար լինենք: Պատմությունը ցույց է տալիս, որ բարդությունը հաճախ կոփում են, ավելի ուժեղացնում են: Այն ամենը, ինչը մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ: Մենք պետք է այս տրամաբանությամբ կառուցենք մեր զինված ուժերը, այս տրամաբանությամբ կառուցենք բանակ-հասարակություն կապը, և վստահ եմ, որ մենք անպայման հաջողելու ենք այդ ճանապարհին»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս