«Դա մեծ հարված էր Հայաստանին, և առնվազն երկար ժամանակ մեզնից պահանջվեց, որպեսզի ապաքինվենք». Արմեն Ռուստամյանը` Հոկտեմբերի 27-ի մասին

«Հասարակության մեջ, այդուամենայնիվ, մնացել է այն տպավորությունը, որ լիարժեք բացահայտում չի կատարվել: 18 տարի այդ բեռը, այդ դեպքերի հետ կապված ծանր զգացողությունը մեզ ուղեկցում են»,- այսօր ԱԺ-ում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ լրագրողներին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` նշելով, որ հնարավոր է՝ ինչ-որ մի դրվագ լույս սփռի կատարվածի վրա:

Ըստ նրա` կատարողը հայտնի է, բայց ամբողջությամբ բացահայտված չէ պատվիրատուն, և հնարավոր է, որ դրսի միջամտություն է եղել:

168.am-ի հարցին` ո՞ւմ համար էր շահավետ, օրինակ` դրա հետևանքով Հայաստանը մնաց Ռուսաստանի ծիրի մեջ, Ա.Ռուստամյանը պատասխանց. «Միանշանակ` Հայաստանի թշնամիներին: Բայց Հայաստանի թշնամին Ռուսաստանը չի: Կարծում եմ` այդ վարկածներից գոնե ազատվեցինք, այդ 18 տարին այդ հնարավորությունը տվեց, որ շատ ծայրահեղացված վարկածներ գոնե այսօր չեն քննարկվում: Բայց ես չեմ բացառում, որ դրսի ուժերը շահագրգռված լինեին»:

Ա.Ռուստամյանը չհամաձայնեց Արա Բաբլոյանի դիտարկմանը, որ Հայաստանի զարգացման վրա Հոկտեմբերի 27-ն էական ազդեցություն չի ունեցել. «Դա մեծ հարված էր Հայաստանին, և առնվազն երկար ժամանակ մեզնից պահանջվեց, որպեսզի ապաքինվենք, ոտքի կանգնենք, իսկ դա ետ գցեց մեր երկրի զարգացումն էլ, մնացած բոլոր ծրագրերն էլ»:

Կարդացեք նաև

Ա.Ռուստամյանը շեշտեց, որ այդ օրերին առնվազն 2 անձի շուրջ համախմբում կար` Կարեն Դեմիրճյան և Վազգեն Սարգսյան, ինչի վկայությունն է նաև այն, որ ոչ ոք կասկածի տակ չէր դնում ընտրությունների արդյունքները.

«Դա մեծ պլատֆորմ էր, որի վրա կարելի էր մեծ հեռանկարային ծրագրեր կառուցել: Իրավիճակի սթափ գնահատում կար` երկիրը գտնվում է ծանր ճգնաժամային վիճակում, և այդ իրավիճակը փոխելու խնդիրներ էին դրվում: Առաջին անգամ սեկվեստր արվեց բյուջեն, և այլն: Այդ օրերի ականատեսները գիտեն, որ իսկապես շրջադարձ կատարելու, երկրի զարգացման մեջ կտրուկ բեկում մտցնելու հարցն օրակարգում դրված էր: Եթե այդ թիմը մնար, այդ համախմբվածությունը մնար, անպայման իր դրական արդյունքները տալու էր: Մեր զարգացման ընթացքը դրանից էապես տուժեց, դանդաղեց»:

Տեսանյութեր

Լրահոս