Բանակում չծառայած մի աստղաբույլ էլ կառավարության տաքուկ անկյուններում է ծվարել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Բանակում չծառայած, սակայն պետական ապարատում պաշտոն զբաղեցնողների մի աստղաբույլ էլ, պարզվում է, կառավարության տաքուկ անկյուններում է ծվարել: Մասնավորապես՝ ՀՀ կառավարության աշխատակազմի կադրային բանկի ուսումնասիրությունը դա է փաստում՝ զինապարտության մասին տեղեկանքը հիշյալ աշխատակազմի ներկայացուցիչներից ոմանց կենսագրականներում բացակայում է:
Թվարկումը սկսենք կառավարության ղեկավարից՝ Կարեն Կարապետյանը բանակում ծառայելու և բանակային բորշչի ու սև հացի «գարբուշկայի» համը ճաշակելու հնարավորություն չի ունեցել, քանի որ գիտությանն է նվիրվել:
Նրա կենսագրականի «Այլ տվյալներ» բաժնում զինապարտ լինելու մասին ոչ մի նշում չկա, փոխարենը նշված է, որ 1989-ին ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Զինապարտության մասին տեղեկանք առկա չէ նաև վարչապետի օգնական Հայկ Զոհրաբյանի պարագայում: 26-ամյա այս երիտասարդն ամուսնացած չէ, հետևապես՝ օրինական ամուսնությունից ծնված երեխաներ չունի, որ այդ հիմքով ծառայություն չանցներ, գիտական աստիճան էլ չունի:
Փոխարենը ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել՝ 2013-2014 թթ. եղել է Ա/Ձ Հայկ Զոհրաբյան հիմնադիր տնօրեն, 2016-2017 թթ.՝ Տրանս Գլոբալ ՍՊԸ հիմնադիր տնօրեն: 2017 թ. փետրվարի 28-ից ՀՀ վարչապետի օգնականն է:
Վարչապետի հաջորդ ջահել, համակրելի կադրը՝ մամուլի քարտուղար Արամ Արարատյանը, նույնպես բանակային դիսցիպլին չի անցել, մատները զենք կրելով չի կոշտացրել: Նա դեռ 30 տարեկան չկա, 2005-2009թթ. սովորել և ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը, 2010-2012թթ.՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների մագիստրատուրան: 2014-2015թթ. ՀՀ դիվանագիտական դպրոցն է ավարտել, 2016թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մասնագիտական վերապատրաստման ծրագրով Նիդերլանդների Քլինգենդալի միջազգային հարաբերությունների ինստիտուտն է հաճախել: Բանակից խուսափելու ընտիր տարբերակ:
Ծնունդով Իրանից Ավակ Ավակյանն էլ՝ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականը, բարձրագույն կրթությունն ստացել է հայրենիքում՝ 2002-2007 թթ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, այնուհետև ուսումը շարունակել Հունգարիայում՝մեկ տարի էլ սովորելով Կենտրոնական եվրոպական համալսարանում: Ավակ Ավակյանը, սակայն, 2007-2008 թթ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնականն է եղել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: