Մադուրոն «նոր դարաշրջան» է սկսել վենեսուելական ընդդիմության հետ հարաբերություններում
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հոկտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել ընդդիմադիր այն չորս նահանգապետներից երեքի հետ, որոնք երդում են տվել ազգային սահմանադիր ժողովի առջեւ։
«Սկսվել է վենեսուելական ընդդիմության կարեւոր հատվածի հետ խաղաղ գոյակցության, ներդաշնակության եւ համագործակցության նոր դարաշրջան, ես դա ողջունում եմ եւ ծափահարում եմ դրան: Ծայրահեղական քաղաքականությունը երբեք լավ արդյունքներ չի տա երկրին եւ միշտ կավարտվի նույն բանով՝ քաղաքական պարտությամբ»,-Telesur հեռուստաալիքը մեջբերել է հանդիպմանը Մադուրոյի արած հայտարարությունը:
Վենեսուելայի ղեկավարի հետ համաձայնել են հանդիպել Նուեւա էսպարտայի նահանգի նահանգապետ Ալֆրեդո Դիասը, Անսոատեգիի նահանգի նահանգապետ Անտոնիո Բարետան եւ Մերիդայի նահանգապետ Ռամոն Գեւարան: Ընդամենը Վենեսուելայում կայացած ընտրությունների արդյունքներով՝ ընդդիմությունն ստացել է նահանգապետների հինգ պաշտոն, իշխանամետ Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցությունը՝ 18 պաշտոն: Մադուրոն բոլոր նահանգապետներից պահանջել է երդում տալ ազգային սահմանադիր ժողովի առջեւ, եւ ընդդիմությունից տարածաշրջանների չորս ղեկավարներ համաձայնել են դրան: Եվս մեկը՝ Սուլիայի նահանգի նահանգապետ Խուան Պաբլո Գուանիպան առայժմ հրաժարվում է դա անել:
Մինչդեռ Վենեսուելայի «Դեմոկրատական գործողություն» ընդդիմադիր կուսակցության գլխավոր քարտուղար Էնրի Ռամոսը հայտնել է իր շարքերից այն չորս նահանգապետների հեռացման մասին, որոնք երդում են տվել երկրի ազգային սահմանադիր ժողովի առջեւ:
Ընդդիմությունը չի ճանաչում այդ մարմինը, որը գումարվել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի նախաձեռնությամբ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: