Քրդերի և իրաքյան աշխարհազորի բախումներ են տեղի ունեցել Սիրիայի հետ սահմանում
Քրդական զինված կազմավորումների եւ իրաքյան աշխարհազորի ջոկատների միջեւ հոկտեմբերի 24-ի առավոտյան մարտեր են ծավալվել իրաքա-սիրիական սահմանում: Այդ մասին հայտարարել է Իրաքյան Քրդստանի նախագահի ավագ խորհրդական Հեմին Խավրամին:
Քրդական ինքնավարության անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 23-ին հայտնել էր, որ վերջին երկու օրերին Իրաքի իշխանությունները շարունակել են տանկերի, հրետանու, ինչպես նաեւ ամերիկյան սարքավորանքի տեղակայումը, ներառյալ ռազմական ամենագնացներն ու զրահափոխադրիչները:
«Այսօր առավոտյան Մահմուդիայում՝ Ռաբիայի մերձակայքում, ժողովրդական աշխարհազորի (ալ Հաշդ աշ Շաաբի) ջոկատները գրոհել են փեշմերգայի ուժերի վրա: Փեշմերգան դիմագրավել է այդ գրոհը եւ աշխարհազորին հետ շպրտել Ռաբիա՝ ոչնչացնելով երկու զրահափոխադրիչ եւ երկու Համվի»,- իր Twitter-ում գրել է Մասուդ Բարզանիի ավագ խորհրդականը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: