Բանակում ծառայելը գիտությանը չի խանգարում. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ուսանող տղաների մի խումբ ցույցեր է անում. նոր օրենքի ընդունումից հետո մագիստրատուրան այլեւս բանակից չի ազատի, իսկ տղաները, հավանաբար, չեն ուզում մագիստրատուրայում սովորել բանակում ծառայելուց հետո: Նրանք ուզում են սովորել բանակում ծառայելու փոխարեն՝ հայոց գիտությունն են ուզում առաջ շարժել, իսկ զինծառայությունը, ըստ երեւույթին, նրանց խանգարելու է:

Նախ` ինձ թույլ տամ կասկածի տակ դնելու որոշ մասնագիտությունների դեպքում մագիստրատուրայի անհրաժեշտությունն ընդհանրապես: Եթե մարդը, ենթադրենք, լրագրող է` ի՞նչ է նա անում մագիստրատուրայում` լրագրության գիտնակա՞ն է դառնում: Ինձ թվում է՝ բակալավրիատից հետո նա պետք է գնա լրատվամիջոց եւ աշխատի: Կամ` եթե ջութակահար է, ջութակի գիտությա՞մբ է զբաղվելու: Այլ հարց է, եթե նա միջազգայնորեն ճանաչված տաղանդ է, ասենք` Սերգեյ Խաչատրյանի նման:

Այդպիսի երիտասարդները հատուկենտ են, եւ նրանց ընդհանրապես պետք է ազատել բանակից, ինչպես եւ միջազգային լուրջ օլիմպիադաների հաղթողներին: Բայց այդ ամենը մագիստրատուրայի եւ տարկետման հետ կապ չունի:

Կան, իհարկե, ասպարեզներ, հիմնարար գիտություններ, որտեղ երիտասարդ կադրերի անհրաժեշտությունը կա: Բայց մի՞թե բանակն է խանգարում այս ոլորտների զարգացմանը: Եկեք հարցին պատասխանենք բացառման սկզբունքով: Հայաստանում 25 տարի տարկետման իրավունքը գործում է, ի՞նչ է՝ դրանից գիտությունը (ինչպես նաեւ կրթությունը) բուռն զարգացո՞ւմ են ապրում:

Ոչ, հակառակը՝ դրանք գահավիժում են: Իսրայելում ընդհանրապես չկա ոչ մի տարկետման իրավունք, եւ այնտեղ գիտությունն ու կրթությունը ծաղկում են: Հետևաբար` մեր գիտության տխուր վիճակի պատճառները պետք է փնտրել այլ տեղերում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս