Բաժիններ՝

ՀՀ ԶՈւ սպորտային վաշտն այլևս չի գործի

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայկական բանակում սպորտային վաշտի առկայությունը մեծ խնդիր է համարում: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը` պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հարցին` ընդգծեց, որ այդ վաշտում այն քաղաքացիներն են, ովքեր զորակոչվում են զինվորական ծառայության, պետությունը ծախսում է միջոցներ այդ վաշտը պահելու համար, իսկ այդ ծախսերն արդարացված չեն:

«Խոսքը մոտավորապես 100 մարդու մասին է, նրանց սպասարկող սպայական, ենթասպայական հաստիքների քանակը ևս 100 է, ինչը պահանջում է հսկայական ծավալի ծախս և’ աշխատավարձի, և’ կերակրման, և’ կեցության և’ հանդերձավորման: Բայց այդ մարդիկ իրենց սպորտային առաջընթացի համար պարբերաբար մարզումների մեջ են` ֆեդերացիաների տրամադրության տակ: Իրենք զորամասում գրեթե չեն լինում ու դա հսկայական ծախս է` բացառապես չարդարացված»,-  ասաց Սարգսյանը:

Նա հավելեց, որ իրենք հարցը քննարկել ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որոնք հիմնական շահառուներն են այդ սպորտային վաշտ հասկացության և եկել են եզրակացության: «Կառավարության կողմից սահմանված սանդղակով Օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, պատանեկան առաջնություններում առաջինից չորրորդ տեղ գրաված անձինք ստանում են տարկետում` 3 կամ 4 տարի ժամկետով: Այդ ընթացքում արդյունքը կրկնելու դեպքում նորից են ստանում տարկետում, չկրկնելու դեպքում` զորակոչվում ժամկետային զինվորական ծառայության: Կարծում եմ, որ արդար լուծում է: Հույս ունեմ, որ սա կստիպի մեր մարզիկներին ավելի բարձր ցատկել և ավելի արագ վազել»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս