Բաժիններ՝

«Թե ովքե՞ր շահեցին հոկտեմբերի 27-ից հետո, բոլորիս աչքի առաջ է». Ռեժիսոր

«Մենք նախատեսում ենք ստեղծել «Զվարթնոց» անունով հոգևոր արվեստի կենտրոն, որը պետք է լինի վաղվա մեր երկրի մշակութային կենտրոնը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության անդամ, ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը:

Նա նշեց, որ այդ մշակութային կենտրոնում պետք է գործի մեր իրական թատրոնը, մեր իրական երաժշտական միավորները, իրական նկարչությունը, ճարտարապետությունը, կինոն, հեռուստատեսությունը. «Այսինքն՝ մենք պետք է փորձենք կայացնել այն երկրի հոգևոր դաշտը, որտեղ ուզում ենք ապրել: Մի անգամ եմ ես տեսել այս երկիրն իր հոգևոր արժեքների հետ ներդաշնակ, երբ հպարտություն ես զգում քո երկրի համար: Դա այն օրն էր, երբ հոկտեմբերի 27-ին դիակները դուրս էին բերում: Այսինքն՝ մենք հոգևոր դաշտում ստեղծել ենք մի աղետալի անապատ, և միայն ողբերգության պահերին է, որ այդ պրոֆեսիոնալ շունչն առաջանում է»:

Անդրադառնալով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերին՝ ռեժիսորն ասաց, որ, ինչպես բոլոր հարցերում, մեր հարցերը մենք չենք որոշում, այլ որոշում են դրսում ինչ-ինչ ուժեր. «Ամենավտանգավորն այն է, որ մենք մեզնից անհատ սուբյեկտ չենք ներկայացնում, մենք մի օբյեկտ ենք, որի գլխին ինչ ասես՝ բերում են, ու բավական է՝ այս որբի գլխի դերը խաղանք: Դրա ամենամեծ, աղետալի երևույթներից մեկը հենց
«Հոկտեմբերի 27»-ն էր: Թե ովքե՞ր շահեցին դրանից հետո, բոլորիս աչքի առաջ է: Մինչև այս համակարգը չփոխվի, ու մենք մեր ընդհանուր գործով հաջողության չհասնենք, այդ գործը լիարժեք բացահայտելն անհնար է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս