ԿԳ նախարարը կողմ է փոփոխություններին ակադեմիական տարկետման տրամադրման կարգում
Յուրաքանչյուր տարի 3000-4000 ուսանող է զորակոչվում: ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է կատարեն իրենց պարտականությունը հայրենիքի առջեւ: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն, անդրադառնալով ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխությանը, որպես օրինակ նշեց Իսրայելին, որտեղ այս փոփոխությունները բավական բարձր արդյունքներ են ցույց տվել կրթական բնագավառում:
«Որպես այլընտրանք գոյություն ունի «Պատիվ ունեմ» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երեխաներին ավարտել ուսումը, ստանալ սպայի աստիճան եւ ապա զորակոչվել: Իբրեւ սպա եւ մասնագետ նրանք շատ ավելի օգտակար կլինեն մեր զինված ուժերին»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այն ուսանողներն, ովքեր սովորում են առաջին, երկրորդ կուրսերում, հնարավորություն ունեն երկու տարի վեց ամսով անցնել «Պատիվ ունեմ»-ի ձեւաչափով եւ սպայական աստիճան ստանալ: «Մեզ համար դեռեւս խնդիր է երրորդ եւ չորրորդ կուրսերում սովորող ուսանողների հարցը»,-հավելեց Լեւոն Մկրտչյանը:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով ակադեմիական տարկետման տրամադրման կարգում փոփոխություններ են նախատեսվում: Նախագիծը քննարկվում է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում: