Կատալոնիայի ներկայացուցիչը կոչ է արել ԵՄ-ին՝ հանդես գալ որպես հակամարտության միջնորդ
Եվրամիության միջնորդությունը Կատալոնիայում ճգնաժամի արդյունավետ կարգավորման միակ հնարավորությունն է: Այդ մասին C News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մարտի Անգլադան՝ Ֆրանսիայում Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչը:
«Կատալոնիայում ճգնաժամի կարգավորման միակ հուսալի հնարավորությունը Եվրամիության միջնորդությունն է»,-ասել է քաղաքական գործիչը: Նա կարծիք է հայտնել է, թե հարկ է, որ որպես միջնորդ հանդես գար Ֆիլիպ Վեցերորդ թագավորը, սակայն նա «արեց հայտարարություն, ըստ որի կարելի է եզրակացնել, որ նա բաց է թողել այդ հնարավորությունը»: Անգլադան չի համաձայնել այն կարծիքին, որ Եվրամիությունը եւ նրա երկրների բոլոր ներկայացուցիչները հրաժարվել են ԵՄ-ի միջնորդական դերից:
«Այդ ուղու օգտին արտահայտվել է, մասնավորապես, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը»,-հիշեցրել է նա: Անգլադան հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հատկապես երբ կհայտարարի Կատալոնիայի անկախությունը: «Պուչդեմոնը բնավ չի ասել, որ ինքը կհայտարարի Կատալոնիայի անկախությունը:
Նա միայն ասել է, որ տեղի խորհրդարանի քննարկմանը կներկայացնի այն հարցը, թե ինչպես պետք է արձագանքել, եթե կենտրոնական իշխանությունները որոշում ընդունեն Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածի (որը Կատալոնիային զրկում է ինքնավարության իրավունքներից) կիրառման մասին: Այդ հոդվածի կիրառումը իսկական երկրաշարժ կդառնա ինչպես Իսպանիայի, այնպես էլ Կատալոնիայի համար»,-նախազգուշացրել է քաղաքական գործիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: