«Հայաստանի վրա լծակներ կիրառելը շատ հեշտ է, ինչպես ասում են՝ մի փըխկ-ի բան է». Անուշ Սեդրակյան

Հասարակական գործիչ Անուշ Սեդրակյանի կարծիքով՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել, եթե Ռուսաստանն այդպես ուզենա։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ Հայաստանում իրենց ապահովագրում են՝ հայտարարելով, թե համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել եվրոպական կողմի մեղքով։

«Երբ Հայաստանում խոսում են այն մասին, որ ԵՄ-ՀՀ համաձայնագիրը կարող է չկնքվել տեխնիկական պատճառներով՝ եվրոպական կողմի մեղքով, ապա ուզում եմ հիշեցնել, որ ցանկացած նմանատիպ փաստաթղթի համար ԵՄ կայքում գրվում է՝ անհրաժեշտ տեխնիկական մշակումներ կատարելուց հետո։ Դա ուղղակի ֆորմալ ձև է, որն ուղեկցում է բոլոր նախագծերը։ Խոսել այն մասին, որ այդ փաստաթուղթը չի ստորագրվելու եվրոպական բյուրոկրատիայի կողմից, այն նախազգուշական քայլերն են, որ անում է հայկական կողմը»,- պարզաբանեց Սեդրակյանը։

Նա ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները չգիտեն, թե այս անգամ ինչպես է միջամտելու Մոսկվան, որովհետև Մոսկվայի կողմից, ըստ Սեդրակյանի՝ հատուկ քաղաքականություն է՝ փաստաթուղթը հասցնում են մինչև ստորագրման վերջին օրը, հետո կտրուկ արգելում. «Հարց է առաջանում՝ ինչո՞ւ դա նախօրոք չեն անում. որ Հայաստանի վարկանիշը միջազգային հարթակում կտրուկ իջնի։ Ինչքան ցածր միջազգային վարկանիշ, այնքան շատ կախում Մոսկվայից։ Սովորական էլեմենտար հաշվարկ է»։

Անուշ Սեդրակյանի դիտարկմամբ՝ ՌԴ շահերին հակասում է Արևելյան գործընկերության ցանկացած քայլ. «Բոլոր քայլերը, որոնք միտված են պոստսովետական տարածքի ինտեգրմանը Եվրոպային, միանշանակ հակասում են ՌԴ-ի շահերին։ Ռուսաստանի սահմանը սեղմվում է։ Իհարկե, հիմա Ռուսաստանի հիմնական մտահոգությունն Ուկրաինան է, դրա մասին են նրանք անվերջ խոսում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը դուրս է մնում Ռուսաստանի շահերի ծիրից։ Ուղղակի Հայաստանի վրա լծակներ կիրառելը շատ հեշտ է, ինչպես ասում են՝ մի փըխկ-ի բան է»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս