«Ես միամի՞տ եմ, որ իմ մեքենայի մեջ 220 հազար փող թողնեմ». փոխնախարար. «ՀԺ»
Սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանն «ՀԺ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ իր մեքենայից գումար չեն գողացել` միայն կոտրել են մեքենայի ապակին:
Նշենք, որ երեկ առավոտյան տեղեկություն հրապարակվեց, որ հոկտեմբերի 17-ի՝ 21:30-ից մինչեւ հոկտեմբերի 18-ի 08:20-ը, ընկած ժամանակահատվածում թալանել են սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանի վարած Nissan Qashqai մակնիշի 695 ԼԼ 11 համարանիշի ավտոմեքենան եւ գողացել 220 հազար ՀՀ դրամ:
«Չի կարելի այդքան անպատասխանատու եւ անհեթեթ լինել: Գրել են մի բան, որը գոյություն չունի եւ ինձ դարձրել են մատի փաթաթան: Մեքենայի ապակին ջարդել են, բայց ոչ մի բան չեն տարել, թե այդ 220 հազարը որտեղից է մոգոնվել, ես չգիտեմ: Զայրույթից չգիտեմ՝ ինչ անեմ: Իմ մեքենան չեն թալանել, եւ հետո ես այդքա՞ն միամիտ մարդ եմ, որ 220 հազարը թողնեմ մեքենայի մեջ, բայց դա ինձ համար պատկառելի գումար է, չունեմ այդքան փող»,- մեր զրույցում ասաց փոխնախարարը:
Սրապիոնյանի խոսքով՝ չի բացառվում, որ իր մեքենայի ապակին կոտրել են երեխաները`բակում խաղալու ժամանակ:
«Ապակին կոտրվել է, բայց կարող է երեխաները բակում խաղացել են, քար են նետել աննշան ապակին կոտրվել է: Ես ոստիկաններին կանչել եմ, որ մարդիկ գան, տեսնեն պատահակա՞ն է եղել, թե՞ դիտավորյալ»,- ասաց նա:
Armtimes.com-ի հարցին, թե մեքենան անվտանգության ազդանշանային համակարգ չունի՞, փոխնախարարն ասաց.
«Ազդանշանային համակարգը ձայնային չէ, լուսային է, որը չեմ նկատել: Երեկոյան կանգնեցրել եմ, լուսադեմին իջել եմ, տեսել եմ, որ կոտրված է: Ես ի՞նչ իմանամ՝ հստակ երբ է եղել: Հազար ու մի երեխա է խաղում: Ի՞նչ իմանամ, որ մեկն է արել»,- ասաց Սերժիկ Սրապիոնյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: