Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռների միջպետական փոխադրումները՝ առանց թույլտվությունների
Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների։ Գործադիրն այսօրվա նիստի ընթացքում համաձայնություն տվեց «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ասաց, որ համաձայնագրով նախատեսվում է երկու երկրների միջև բեռների փոխադրումն իրականացնել առանց թույլտտվությունների՝ բացառությամբ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից դեպի համաձայնագրի կողմ հանդիսացող պետություններ իրականացվող փոխադրումների։
«Միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն թույլտվությունների առկայության դեպքում, որը երկու երկրների լիազոր մարմինները կփոխանակեն յուրաքանչյուր տարի: Միաժամանակ բեռների և ուղևորների փոխադրումներն իրականացնող փոխադրողները համաձայնագրի շրջանակներում երկու պետությունների տարածքով փոխադրումներ իրականացնելիս փոխադարձաբար կազատվեն մյուս պետության տարածքում տրանսպորտային միջոցների սեփականության և դրանց օգտագործման հետ կապված տուրքերից, գանձումներից և մուծումներից, բացառությամբ, եթե տվյալ պետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։ Համաձայնագիրը ներառում է փոխադրումների անվտանգության, ապահովության և վերահսկողության մեխանիզմներ»,- ասաց նախարարը։