«Արտադրանքի քիչ ծավալներն են պատճառը, որ տեղական սերմերը չեն արտահանվում». Գայանե Մարտիրոսյան
«Մեր կենտրոնը զբաղվում է հիմնականում տեղական նոր սորտերի ստացմամբ, ինչպես նաև այդ նոր ստացված սորտերի սերմնաբուծությամբ»,- «Arm Prod Expo» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի սերմնաբուծության բաժնի վարիչ Գայանե Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ վերջին տարիներին իրենք ընդլայնել են իրենց տեսականին. «100-ից ավելի նոր սորտեր ունենք, հարմարեցրել ենք մեր սպառողի պահանջարկին, մեր սորտերն ունեն տարբեր համ, հոտ, ձև, գույն, չափսեր, սորտերի բազմազանություն կա: Արտադրում ենք տաքդեղի, բադրիջանի, լոլիկի, լոբու, բամիայի, բրոկոլիի սերմեր: Սելեկցիոն աշխատանքի արդյունքում մենք ստանում ենք նոր սորտեր»:
Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ իրենք Երևանում ունեն 21 հեկտար տարածք, որտեղ էլ մշակում են սերմերը: Գիտական կենտրոնը հիմնադրվել է 1949 թվականին: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ իրենց կենտրոնը երկրում միակն է, որ զբաղվում է տեղական սորտերի արտադրությամբ:
Հարցին՝ գո՞հ եք արտադրանքի ծավալներից և տարեկան ինչքա՞ն սերմ եք արտադրում, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Բնականաբար, կարիք կա ծավալների ընդլայնման, այն ծավալները, որ կան, դեռ լիովին չի բավարարում մեր սպառողի պահանջարկին, քանի որ գնալով պահանջարկը մեծանում է, սակայն մենք փորձում ենք ճանապարհներ գտնենք, որ ընդլայնենք սերմերի արտադրության ծավալները: Տարեկան մենք հիմա մինչև 300-500 կիլոգրամ սերմ ենք արտադրում, ինչը շատ քիչ է, պետք է հասնի տոննայի»: Նա նաև նշեց, որ իրենց արտադրանքը դեռևս չեն արտահանում, տեղական շուկայում են վաճառում:
Մեր ճշտող հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ չեք արտահանում, Գ. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Չնայած հետաքրքրությունը մեր գիտական կենտրոնի նկատմամբ օրեցօր մեծանում է, միջազգային շատ կազմակերպություններ փորձում են համագործակցել մեզ հետ, բայց դեռևս մենք գտնվում ենք բանակցությունների փուլում»:
Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ հիմնական պատճառը, որ իրենք չեն արտահանում, իրենց արտադրանքի քիչ ծավալներն են:
Մենք նաև հետաքրքրվեցինք՝ եթե պահանջարկ կա, ինչո՞ւ եք քիչ արտադրում: Ի պատասխան՝ Գ. Մարտիրոսյանն ասաց. «Որովհետև մեր գիտական կենտրոնն իր 21 հեկտար տարածքով չի կարող ապահովել այդ սերմերի արտադրությունը, և ամեն մի սորտ պահանջ ունի նաև մեկուսացման տարածքի: Դա շատ քիչ տարածություն է մեծ քանակի սերմեր արտադրելու համար»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: