«ՀՆԱ աճը տպավորիչ է, և դա նպաստելու է, որ մեր ազգաբնակչությունն աճի». Սուրեն Կարայանի պատասխանը ՄԱԿ-ին
«Մեր միտումները խոսում են լրիվ հակառակի մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ մեկնաբանելով ՄԱԿ Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հրապարակած ուսումնասիրության տվյալները, որ ներկայիս տնտեսական ու դեմոգրաֆիական միտումների պահպանման պարագայում Հայաստանում 2035 թ. բնակչությունը կնվազի մինչև 2.5 մլն մարդ՝ այսօրվա շուրջ 3 մլն-ի դիմաց (պաշտոնական տվյալներով):
Ըստ նախարարի՝ ոլորտի զարգացումները, նոր աշխատատեղերի ստեղծումը, հաստատված ծրագրերն այլ զարգացումներ են կանխատեսում. «Տնտեսության ակտիվացումը, հատկապես՝ մշակող արդյունաբերության, ծառայությունների և այլ, նպաստելու է, որ մեր բնակչությունն աճի: ՀՆԱ աճը տպավորիչ է, և դա նպաստելու է, որ մեր ազգաբնակչությունն աճի, ավելի շատ վերադառնան մարդիկ, քան արտագաղթ կլինի: Տնտեսական զարգացման տեմպերը խոսում են այդ մասին, ոչ թե՝ հակառակը»: