Հայ-կանադական հարաբերությունները կշարունակեն զարգանալ բարեկամության ոգով. Էդվարդ Նալբանդյանը՝ Կանադայի Համադաշնության 150-ամյակի ﬕջոցառմանը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքով է հանդես եկել Կանադայի Համադաշնության 150-ամյակին նվիրված ﬕջոցառմանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ ԱԳ նախարարը նշել է.

«Մեծարգո պարոն դեսպան,

Տիկնայք և պարոնայք,

Ողջունում եմ ձեզ Կանադայի Համադաշնության 150-ամյակին նվիրված այս հանդիսավոր միջոցառմանը և ամենաջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն եմ հղում կանադացի բարեկամ ժողովրդին:

1867թ.-ին Կանադայի հիմնադիր հայրերը սկիզբ դրեցին մի հասարակության, որի հիմքում ընկած են հավասարության, արդարության, հանդուրժողականության, համակեցության գաղափարները:

Ազգային ու կրոնական հակասություններով լի ժամանակակից աշխարհում Կանադան բազմամշակութային ու բազմակրոն հասարակության վառ օրինակ է հանդիսանում` ի ցույց դնելով, որ մարդկանց միջև տարբերությունը պետք է ոչ թե թշնամանքի աղբյուր լինի, այլ` հիմք ծառայի բարեկեցիկ երկրի կառուցման համար:

Մենք՝ հայերս, սեփական փորձով ենք համոզվել, որ կանադական աշխարհայացքի այս ազնիվ գաղափարները սոսկ բառեր չեն: Կանադան առաջիններից մեկն էր, որ պետական մակարդակով օգնության ձեռք մեկնեց Մեծ Եղեռնը վերապրածներին` ապաստան տրամադրելով և նոր կյանք սկսելու հնարավորություն տալով 109 հայ որբերի: «Կանադայի ազնիվ փորձ» անվանումը ստացած այս նախաձեռնությունն առաջիններից մեկն էր այն մարդասիրական ծրագրերից, որոնցով այսօր Կանադան հայտնի է ողջ աշխարհում:

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների մակարդակով Կանադան ևս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունը համամարդկային բարձրագույն արժեքներին: Բարձր ենք գնահատում Կանադայի վարչապետերի կողմից ամեն տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցներին նվիրված ուղերձները:

Կանադան միջազգային անվտանգության ու կայունության գործում մեծ ներդրում է կատարում` աշխարհի տարբեր անկյուններում իր մասնակցությունը բերելով խաղաղապահ և մարդասիրական առաքելություններում, ինչի ակունքներում կանգնած է Կանադայի նախկին վարչապետ, խաղաղության նոբելյան մրցանակակիր Լեսթեր Փիրսոնը:

Հայաստանը ևս փորձում է միջազգային ասպարեզում իր ներդրումն ունենալ ինչպես խաղաղապահության, այնպես էլ մարդասիրական առաքելությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործերում: Այս ամենը պարարտ հող է ստեղծում միջազգային հարթակներում Հայաստանի ու Կանադայի փոխգործակցության համար:

Առանձնահատուկ կցանկանայի նշել Հայաստանի և Կանադայի արդյունավետ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում: Բարձր ենք գնահատում անցյալ տարի Մադագասկարում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ Կանադայի արտահայտած սկզբունքային դիրքորոշումը` 2018թ.-ին կազմակերպության գագաթաժողովը Երևանում անցկացնելու որոշման ընդունման գործում։

Տիկնայք և պարոնայք,

Այս տարի հունվար ամսին մենք հանդիսավոր պայմաններում նշեցինք Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Մենք հպարտ ենք, որ անցնող քառորդ դարի ընթացքում փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա Կանադայի հետ հաստատել ենք ջերմ բարեկամություն և սերտ համագործակցություն: Տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, ստորագրվել են բազմաթիվ միջպետական համաձայնագրեր, իրականացվում են ամենատարբեր ոլորտներին առնչվող ծրագրեր, տարեցտարի զարգանում և թափ է առնում ժողովրդական դիվանագիտությունը:

Գոհունակությամբ պետք է նշեմ այն պատկառելի ավանդը, որ հայ-կանադական հարաբերությունների զարգացման մեջ ներդնում է Կանադայի բազմահազարանոց հայ համայնքը:

Վստահ եմ, որ հայ-կանադական հարաբերությունները կշարունակեն զարգանալ բարեկամության և համագործակցության ոգով` գրանցելով նորանոր տպավորիչ նվաճումներ:

Սիրելի բարեկամներ,

Կրկին շնորհավորում եմ Կանադայի Համադաշնության 150-ամյակի կապակցությամբ և լավագույն մաղթանքներն եմ հղում կանադացի մեր բարեկամներին»:

Տեսանյութեր

Լրահոս