Թրամփը նոյեմբերի 7-ին երկօրյա այցով կժամանի Կորեայի Հանրապետություն
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 7-ին երկօրյա այցով կժամանի Կորեայի Հանրապետություն: Այդ մասին լրագրողների համար անցկացված բրիֆինգում հայտնել է ԿՀ-ի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Պակ Սու Հյոնը:
«Ավելի վաղ պլանավորվում էր, որ Թրամփը տիկնոջ հետ մեր երկրում կանցկացնի երեք օր, բայց հետո որոշում է ընդունվել, որ այցը կսկսվի նոյեմբերի 7-ի վաղ առավոտյան»,-նշել է նա:
Դիտորդների կարծիքով, երկու երկրների նախագահները բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմ քաղաքական եւ առեւտրատնտեսական հարաբերություններին, ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային խնդրի լուծման ուղիներին վերաբերող հարցերը:
Տոկիոյում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանը, Վաշինգտոնը չի բացառում Փենյանի հետ ուղղակի բանակցությունների հնարավորությունը:
«Ի վերջո, մենք չենք բացառում ուղղակի բանակցություններ սկսելու հնարավորությունը: Մենք կենտրոնացած ենք ԿԺԴՀ-ի կողմից ստեղծված խնդրի լուծման դիվանագիտական ջանքերի վրա: Այդուհանդերձ, մենք պետք է մեր դաշնակիցների, Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ մյուսների հետ միասին պատրաստ լինենք վատթարագույնին, եթե դիվանագիտությունն արդյունք չտա»,-ասել է Սալիվանը Ճապոնիայի իր գործընկեր Սինսուկե Սուգիյամայի հետ կայացած բանակցություններից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: