Վանաձորում երեկ այրված 4-ամյա փոքրիկը ընտանիքի 6-րդ երեխան է, երկրորդ կորուստը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վանաձորում նախօրեին տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. Օր.-ի 109 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` անզգուշությամբ մահ պատճառելը:

Հիշեցնենք, որ հոկտեմբեի 12-ին Աղայան 25 բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով, ննջասենյակում այրվածքներով, մահացած վիճակում հայտնաբերվել էր 4-ամյա տղա երեխայի դի, որը դեպքի պահին տանը միայնակ էր եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Armtimes.com-ին հասած տեղեկություններով` հրդեհը բռնկվել է էլեկտրական սալօջախից, երեխան քնած է եղել, անկողինն սկսել է այրվել, ինչն էլ հանգեցրել է փոքրիկի մահվանը: Մայրը տանը չի եղել: Հրդեհը նկատել են հարևանները:

Փոքրիկի մայրը` Ն. Խաչատրյանը, 5 երեխաների մայր է, երեխաներից երկուսը տևական ժամանակ է, ինչ հանձնված են սկեսրոջ խնամքին, ավագ տղան Երևանում է աշխատում, Նաիրայի խնամքին մահացած փոքրիկն էր ու 7-րդ դասարանում սովորող տղան: Ամուսինը ազատազրկման է դատապարտված:

Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանը armtimes.com-ի հետ զրւյցում հայտնեց, որ Խաչատրյանի ընտանիքը վաղուց է հայտնվել պատկան մարմինների ուշադրության կենտրոնում: Հանձնաժողովի քարտուղարի խոսքով` Ն.Կարապետյանը աշխատասեր կին է, ֆիզիկական ծանր աշխաանքներ է արել երեխաներին պահելու համար. «Սոցիալապես ոչ ճիշտ վարքագծով ընտանիք է եղել: Կնոջ խնդիրները սկսեցին ամուսնանալուց հետո: Այս կինը չունի կենցաղավարության ու ծնողավարության հմտություններ, ֆիզիկապես առողջ կին է, արել է ամեն ծանր աշխատանք»,- ասաց նա՝ հիշելով, որ երեխաներից մեկին տարիներ առաջ հյուծված վիճակում տեղափոխել են մանկատուն, որտեղ էլ մահացել է. «Երեխաներից մեկը խեղդվելիս էր եղել գյուղում, հրաշքով էին փրկել: Մյուս երեխային, ով մեկ տարեկան չկար, հյուծված վիճակում տեղափոխեցինք մանկատուն, որտեղ էլ կարճ ժամանակ անց մահացավ»,- վերհիշեց Լեռնուհի Գևորգյանը: Նշված դեպքերը շուրջ 10 տարվա պատմություն ունեն:

Գևորգյանի փոխանցմամբ` երեխաներից երկուսը գտնվել են սկեսրոջ խնմաքի տակ, քանի որ մայրը չի կարողացել զբաղվել բոլորի խնամքով. «Այս փոքրիկին քանիցս ցանկացել ենք տանել մանկատուն, սակայն պարզվել է, որ մայրը, ով շուկայում է աշխատում, դայակ է վարձել, ով զբաղվել է փոքրիկի խնամքով, իսկ երեկվա դեպքը պարզապես դժբախտ պատահար է»,- ասաց նա»։

Լուսանկարը՝ armtimes.com-ի

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս