«Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվում է հայատյացությունը». Էդուարդ Շարմազանով
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ-ի եւ Բելառուսի ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 13-ին հանդիպել է Բելառուսի ԱԺ-ի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականների համագործակցված աշխատանքը միջազգային հարթակներում:
«ՀԱՊԿ անդամ երկրների պատգամավորները պետք է միջազգային հարթակներում սատարեն միմյանց եւ չանեն հայտարարություններ, որոնք չեն բխում ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշումից: Անընդունելի է, երբ ՀԱՊԿ անդամ երկրի ներկայացուցիչները դաշնակցին հակասող հայտարարություն են անում»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:
Զրուցակիցները կարեւորել են ՀԱՊԿ եւ ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Արցախի խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում:
«Հակառակ ադրբեջանական պնդումներին՝ մենք վերահաստատում ենք, որ Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությամբ իրական սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար: ՀԱՊԿ պատգամավորները պիտի դատապարտեն Ադրբեջանին, որի գործողությունների պատճառով զոհվում են մարդիկ»,-նշել է Էդուարդ Շարմազանովը: Նա հավելել է նաեւ, որ Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվում է հայատյացությունը:
Անդրադարձ է կատարվել ՀՀ Ազգային ժողովի եւ ԲՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպմանն առնչվող հարցերին: