Կառուցվածքային փոփոխություններ՝ Արդարադատության նախարարությունում
ՀՀ կառավարության որոշմամբ արդարադատության նախարարությունում կիրականացվեն կառուցվածքային փոփոխություններ: Նախարարության աշխատակազմում ստեղծվելու է էլեկտրոնային արդարադատության և ինովացիոն ծրագրերի բաժին, քարտուղարությունը և արխիվային բաժինը միացման միջոցով վերակազմակերպվելու են նախարարության աշխատակազմի քարտուղարության, վերահսկողական ծառայությունում ստեղծվելու է վեցերորդ բաժին՝ կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով:
Նախագծով աշխատակազմում ստեղծվում է էլեկտրոնային արդարադատության և ինովացիոն ծրագրերի բաժին, որը կապահովի էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման, քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցմանն ուղղված ծրագրերի մշակման, համակարգի գործարկմանն ուղղված քաղաքականության մշակման, նախարարության կառուցվածքում առկա էլեկտրոնային կառավարման համակարգերի սպասարկման, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման համակարգի արդյունավետ շահագործման և հետագա կատարելագործմանն ուղղված աշխատանքների իրականացումը:
Ստեղծվող կառուցվածքային ստորաբաժանումն իրականացնելու է քաղաքացիների և իրավաբանական անձանց գրավոր առաջարկությունների ու դիմումների օրենքով սահմանված կարգով քննարկելու, քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար համապատասխան միջոցներ ձեռնարկելուն ուղղված գործառույթները: