Հայ-իրանական հարաբերությունների օրակարգը շարունակում է աղքատիկ մնալ

Ավարտվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի երկօրյա այցն Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ Կառավարության ղեկավարը հանդիպել է ինչպես՝ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, իրանահայ համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ՝ մի շարք նախարարների հետ:

ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահի առաջին տեղակալը հայ-իրանական հարաբերությունների օրակարգի կարևոր ծրագրերից են համարել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա ավելացնել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծավալները՝ նպաստելով թե՛ երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, թե՛ այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը:

Կողմերը կարևորել են նաև Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը: Իրան-Հայաստան տնտեսական, առևտրային հարաբերությունների զարգացման համար նշանակալի է համարվել «Սյունիք ազատ տնտեսական գոտու» դերը, վերջինիս և իրանական «Արաս» ազատ գոտիների համագործակցությունը:

«Վստահ եմ, որ այս գոտին կարող է հետաքրքրել թե իրանական կազմակերպություններին, որոնք կցանկանան դուրս գալ ԵԱՏՄ, եվրոպական շուկաներ, քանի որ Հայաստանը տիրապետում է GSP+ արտոնյալ ռեժիմին, ինչպես նաև այն ընկերություններին, որոնք Իրանի հետ համագործակցության սահմանափակումներ կունենան: Այս համատեքստում նաև արդյունավետ գործիք կարող է լինել արտահանող-ներմուծող ընկերության ստեղծումը»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել ընկերությանը՝ ԵԱՏՄ շուկա դուրս գալու հարցում:

Կարեն Կարապետյանի և Էսհաղ Ջահանգիրիի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները: Հայաստանի և Իրանի համագործակցության կարևոր ոլորտներից է համարվել միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը, մուլտիմոդալ տարանցիկ փոխադրումները, «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ծրագրի առանձին հատվածների կառուցման ուղղությամբ իրանական կողմի հնարավոր մասնակցությունը:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ էներգետիկ համագործակցությանը: Կարևորվել է երկու երկրների միջև ակտիվ համագործակցությունը նաև մաքսային մարմինների միջև: Վարչապետ Կարապետյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է Հայաստան-Իրան սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը:

Անդրադառնալով Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններին՝ ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ գործընթացը հնարավորինս շուտ կավարտվի, և նշել է, որ հայկական կողմը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն: ՀՀ վարչապետը և Իրանի առաջին փոխնախագահը նաև անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել իրանական կողմին ԼՂ հիմնահարցում հավասարակշռված դիրքորոշման համար:

Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ հայտարարել է, որ իրանցի գործընկերների հետ պայմանավորվել են ռեստարտ տալ հայ-իրանական հարաբերություններին:

«168 Ժամի» հետ զրույցում Կարեն Կարապետյանի այցի օրակարգը գնահատեց իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը: Նա նշեց, որ այցի ընթացքում քննարկված թեմաները գրեթե նույնն էին, ինչ վերջին նախագահական և վարչապետական այցերի ընթացքում: Նրա խոսքով, կողմերը դեռ փորձում են իրագործել այն բազան, որը սկսել են Իրանի՝ պատժամիջոցներից ձերբազատվելուց հետո: Բարզեգարի կարծիքով՝ ամենալուրջ ծրագիրը գազի փոխանակման ծրագիրն է, ազատ առևտրի գոտիները և «Հյուսիս-Հարավ» ծրագիրը:

«Պատժամիջոցների վերացումից հետո հայ-իրանական հարաբերությունների քաղաքական և տնտեսական օրակարգն ընդլայնվել է, սակայն սա ևս չի համապատասխանում այդ հարաբերությունների ողջ ներուժին, քանի որ պատժամիջոցները վերջնականապես չեն լքել Իրանը, ավելին, ԱՄՆ նոր նախագահն Իրանին սպառնում է նոր պատժամիջոցներով՝ ցանկանալով հանել ԱՄՆ ստորագրությունը միջուկային համաձայնությունից: Իրանի տնտեսությունը քիչ-քիչ սկսել է փոփոխվել, իրանցի գործարարները, բիզնես համայնքը, քաղաքական վերնախավը կարծես կենտրոնացած են ներսում ունեցած դատարկ ներուժը լցնելու գործի վրա, այդ պատճառով հարևանները կարծես երկրորդական տեղում են հայտնվել:

Մի շարք պատճառներից ելնելով՝ այս ամենը դանդաղում է, հայ-իրանական օրակարգը կրկին աղքատիկ վիճակում է»,- նման կարծիք հայտնեց իրանցի վերլուծաբանը: Վերջինիս համոզմամբ, այնուամենայնիվ, հարաբերություններում ստեղծված իրավիճակի պատասխանատուն միայն Իրանը չէ:

Շատ ծրագրեր, ըստ նրա, դանդաղում են, քանի որ հայկական կողմը դրանցով հետաքրքրված չէ: Խոսքը, Բարզեգարի համոզմամբ, «Հյուսիս-Հարավի» մասին է, որը տեղում դոփում է հայկական կողմի ցանկության բացակայության պատճառով: Նրա փաստմամբ, ծրագիրը և՛ քաղաքական շահառուներ, և՛ ֆինանսավորողներ ունի, սակայն տեղից չի շարժվում: Ուստի, իրանցի վերլուծաբանի կարծիքով, ճիշտ է Կարեն Կարապետյանը, երբ նշում է, որ հայ-իրանական հարաբերությունները ռեստարտի կարիք ունեն, բայց դժվար է ասել, թե կողմերն իսկապես երբ պատրաստ կլինեն ռեստարտին:

Մեզ հետ զրույցում իրանցի մեկ այլ վերլուծաբան՝ Ալի Սալամին, փորձեց պարզաբանել, թե ինչու հայկական կողմը հետաքրքրված չէ հայ-իրանական շատ ավելի խորը հարաբերություններով, որը ձգվում է Պարսից ծոցից մինչև Սև ծով:

Ըստ նրա, կան արտաքին խոչընդոտներ՝ ի դեմս Ռուսաստանի և Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության: Սալամիի համոզմամբ՝ Իրանի հետ ծրագրերը Հայաստանի համար հզոր հենման կետ, կախվածությունն իջեցնող գործոն կդառնան, ինչը դեռևս ցանկալի չէ Ռուսաստանի համար:

«Պատժամիջոցների վերացումից անմիջապես հետո հայկական և ռուսական կողմերը խոսել են այն մասին, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Իրանի և ԵԱՏՄ շուկայի միջև, սրանով իրանական կողմը միանշանակորեն հետաքրքրված է, բայց սա կարծես այն շրջանակն է, որից Հայաստանն Իրանի հետ դուրս չի կարող գալ, սրանք վերահսկելի հարաբերություններ են: Քանի դեռ իրավիճակն այսպիսին է, գլոբալ ծրագրերը հայ-իրանական հարաբերություններում տեղ չեն գտնի»,- ասաց Սալամին:

Վերջինիս հավաստիացմամբ՝ իրանցիները թեև դեռ մտահոգ են սպասվող պատժամիջոցներով, հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անելու հեռանկարով, որպեսզի այդ ներդրումներն ապահով լինեն, որպեսզի ազատ առևտրի գոտիները ճիշտ գործեն և կապ հաստատվի ԵԱՏՄ շուկայի հետ:

Իրանցի փորձագետը դրական համարեց այն հանգամանքը, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի Հայաստան կատարած այցից հետո գազի փոխանակման ծրագրի ընդլայնման մասին է խոսվում, քանի որ այդ ծրագիրը պրակտիկ կերպով գործարկվեց հենց այդ այցի շրջանում, ինչը նշանակում է, որ կողմերը քաղաքական կամքի պարագայում կարողանում են ծրագրերն արագորեն համաձայնեցնել և կյանքի կոչել: Բայց քանի դեռ Իրանը և Հայաստանն ազատ չեն իրենց արտաքին հարաբերություններում, այս հարաբերությունների մեծ բացը պահպանվելու է:

Տեսանյութեր

Լրահոս