Մուղնու դպրոցի տնօրենը կասկածվում է չարաշահումների ու յուրացումների մեջ. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Մուղնու Մ. Աշճյանի անվան դպրոցի տնօրենը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Մուղնին համարվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի թաղամասերից մեկը:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, պատասխանելով մեր հարցմանը, խնդրի առնչությամբ տեղեկացրին. «Ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Մ. Աշճյանի անվան դպրոցի տնօրենը 2012-ից 2017թթ. ընթացքում որպես դպրոցի աշխատակիցներ է ձեւակերպել իր ազգականներին, ովքեր աշխատանքի չեն հաճախել եւ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը յուրացրել է: Կատարվում է հետաքննություն»:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ դպրոցի տնօրեն Գ. Համբարձումյանի թույլ տված չարաշահումներից է հետեւյալը. 2015 թվականի սեպտեմբերից նա դստերը ձեւակերպել է իր ղեկավարած դպրոցում՝ որպես պահակ եւ նրա անվամբ դուրս է գրել 1 մլն 376 հազար դրամ աշխատավարձ, որը նույնպես յուրացրել է։ Գ. Համբարձումյանը կատարվածի մասին Ոստիկանությունում բացատրություն է տվել եւ ստորագրությամբ ազատ է արձակվել:

Մուղնու դպրոցի տնօրենի հետ զրուցել մեզ չհաջողվեց: Ակնհայտորեն ընկճված ձայնով պատասխանելով հեռախոսազանգին՝ նա սկզբում ասաց, որ դասի է, առաջարկեց զանգահարել ավելի ուշ: Հետո արդեն նրա հեռախոսահամարն անհասանելի էր:

Հետեւաբար, հնարավորություն չունեցանք լսել չարաշահումների վերաբերյալ տնօրենի մեկնաբանությունները, նաեւ պարզել իր կարծիքը, թե արդյո՞ք ինքն է այն կարկառուն պաշտոնյան, որը չարաշահել է պաշտոնեական դիրքը եւ յուրացումներ կատարել: Իսկ եթե միայն ինքը չէ, ի՞նչ պատճառով է, որ խոշոր ձկները վրիպում են եւ իր նման նրանք էլ չեն կանգնում պատասխանատվության հարցի առաջ, որպեսզի չարաշահումների դեմ պայքարն իրական լինի եւ ոչ սեզոնային:

Դժվար է հիշել մի դեպք, երբ նման մեղադրանք առաջադրված լինի երեւանյան էլիտար համարվող որեւէ  դպրոցի տնօրենի: Մինչդեռ նրանց չարաշահումներին լավագույնս տեղյակ են թե՛ ուսուցիչներն, աշակերտներն ու ծնողները եւ թե՛ իրավապահները: Բայց, ինչպես ասում են, նրանք ամուր մեջք ու տանիք ունեն, ուստի ապահովագրված են արդարադատությունից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս