Բաժիններ՝

ՀՀ զինված ուժերում ծառայող սպաների սահմանային տարիքը չի երկարացվելու

ՀՀ զինված ուժերում ծառայող սպաների սահմանային տարիքը չի երկարացվելու: Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին հրավիրված «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Սահմանային տարիքի հասած սպայական անձնակազմի զորացրման հարցը այսօր լուրջ խնդիր է: Օրենքով կարող էր երկարացվել մինչեւ հինգ տարի, և այդ գործընթացը սուբյեկտիվ էր, կամ կարող էին չերկարացնել, հետաձգել։ Սա արդարության նկատմամբ շատ լուրջ խնդիր էր ձեւավորում սպայական անձնակազմի մեջ, նախ որ կոռուպցիոն ռիսկեր էր պարունակում, ինչպես նաև սպայական կազմի հետագա աճի համար բարդություն էր առաջացնում: Այդ իսկ պատճառով այժմ մենք առաջարկում ենք չերկարացնել սպաների սահմանային տարիքը», – ասաց Պաշտպանության նախարարը։

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ համաձայն նոր օրենսդրական կարգավորումների՝ սպաների սահմանային տարիքը կմնա նույնը, եւ երբ ժամկետն ավարտվի, ապա զորացրումը կդառնա ավտոմատ։ Նախարարն այս ցանկում առանձնացրեց բացառություն կազմող մի քանի ոլորտներ: Դրանք են ռազմաբժշկության, ռազմադասախոսական ոլորտը, ինչպես նաեւ շարքային կազմի որոշ մասնագիտություններ։

«Այս մասնագիտությունների ցանկը սահմանում է Կառավարությունը։ Ասենք՝ հիմա մենք խոշոր տեխնիկա վարող մասնագետների պակաս ունենք, եւ ենթադրենք՝ 50-60 տարեկան լինելը բացարձակ չի խանգարում, որ հմուտ վարորդը շարունակի եւս 2-3 տարի վարել այդ մեքենան: Եթե կա մասնագիտության պակաս, ապա Կառավարությունը սահմանում է կատեգորիաները, իսկ որոշումը կոնկրետ անձի դեպքում երկարացման առումով կայացնում է Պաշտպանության նախարարությունը կոլեգիալ հիմունքներով եւ ոչ թե անհատական, այսինքն՝ որոշակի հանձնաժողով է ձեւավորվում», – եզրափակեց նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս