Թուրքիայում դատարանը երկու տարվա բանտարկության դատապարտեց WSJ-ի լրագրողուհուն
Թուրքական դատարանը հեռակա կարգով երկու տարի եւ մեկ ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել The Wall Street Journal ամերիկյան հրատարակության լրագրողուհի Այլա Ալբայրաքին Քրդական աշխատավորական կուսակցության օգտին քարոզչության համար, որն այդ երկրում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչված:
Այդ մասին հոկտեմբերի 10-ին հայտնել է WSJ-ն իր կայքում: 2016 թվականի ապրիլին Թուրքիայի հարավ-արեւելքում դատախազությունը լրագրողուհուն պաշտոնական մեղադրանքներ էր ներկայացրել ահաբեկչության հակազդման բնագավառում օրենքների խախտման համար:
«Դա չհիմնավորված քրեական մեղադրանք էր եւ արարքին բնավ չհամապատասխանող դատավճիռ, որը սխալ էր առանձնացրել (ի թիվս մյուսների) The Wall Street Journal-ի կշռադատված հոդվածը,- հայտարարել է հրատարակության գլխավոր խմբագիր Ջերարդ Բեյքերը:
Նա այն կարծիքին է, որ «այդ հոդվածի միակ նպատակը անաչառ եւ անկախ հաշվետվություն ներկայացնելն էր Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ», «այդ իմաստով նյութը հաջողված էր»: «Թուրքիայի այսօրվա իրադրության հաշվառմամբ, այդ վրդովեցուցիչ դատավճիռը չպետք է անակնկալ դառնար ինձ համար, բայց այն այդպիսին դարձավ»,-նշել է Ալբայրաքը, որը Ֆինլանդիայի եւ Թուրքիայի քաղաքացիություն ունի: Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, լրագրողուհին մտադիր է բողոքարկել դատավճիռը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: