Բաժիններ՝

Երեխային պետք է բաց թողնել և ասել՝ չվախենա՛ս ոչնչից

ԱՀԹ Ուսումնական կենտրոնի հարցազրույցը կլինիկական հոգեբան Եվա Օհանյանի հետ:

ԱՀԹ Ուսումնական կենտրոնում կազմակերպվում է դասախոսությունների շարք «Ինչպե՞ս խոսել երեխաների հետ, որպեսզի նրանք Ձեզ լսեն, և ինչպե՞ս լսել երեխաներին, որպեսզի նրանք խոսեն» թեմայով: Դասընթացը վարում են Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը և կլինիկական հոգեբան Եվա Օհանյանը:

Ինչպե՞ս երեխաների հետ խոսեն ծնողները, որպեսզի կարողանան կարգավորել երեխայի հուզական աշխարհը:

– Ամենակարևորն է լսել, թե ի՞նչ է ասում ու զգում երեխան: Ցույց տալ երեխային, որ դու հասկանում ես նրան, լսում ես: Պիտի դիմես նրա հուզականությանը: Պիտի զգաս նրան, երեխան պիտի հասկանա, որ դու հասկանում ու ընդունում ես նրան առանց պայմանների, առանց վերապահումների: Երեխան պետք է իմանա, որ իրեն սիրում են ոչ թե ինչ-որ մի բանի համար, այլ որովհետև նա կա:

– Տարիքային ո՞ր հատվածում է երեխայի մոտ ուժեղանում կամ թուլանում վախի զգացումը:

– Կան տարիքային ճգնաժամեր՝ 3, 7, 12: Ամենազգայունը երեխան դառնում է հենց դեռահասության շրջանում: Եթե մինչև 7 տարեկան ծնողը կարողանա ճիշտ աշխատանք տանել երեխայի հետ, հավանականությունը մեծ է, որ նրա մոտ քիչ կլինեն վախեր, տագնապներ: Կախված այն բանից, թե ինչ տեսակի վախ է, որն է պատճառը՝ վախը հաղթահարելու միջոցները տարբեր են:

– Ծնողի գերուշադրությունը խանգարո՞ւմ է երեխային, թե՞ օգնում:

– Ծնողներին շատ դժվար է գերուշադրություն չցուցաբերել երեխայի հանդեպ: Նրանց անընդհատ մտահոգում ու անհանգստացնում է երեխայի հետ կապված ցանկացած բան, որն էլ առաջացնում է տագնապ ու փոխանցվում երեխային: Ծնողը պետք է հուզականորեն հանգիստ լինի, հուսադրի երեխային, տա ազատություն, ինքնավստահություն փոխանցի տագնապի փոխարեն: Երեխան շատ լավ զգում է տագնապները: Երեխային պետք է բաց թողնել և ասել՝ չվախենաս ոչնչից: Երբ մարդ ոչնչից չի վախենում, նրա հետ ոչինչ չի պատահում:

– Տարբեր սեռի երեխաներն ունե՞ն դաստիարակության առանձնահատկություններ:

– Տարբերություններ չկան: Ամենակարևորը երեխային բացարձակ ընդունելն է՝ անկախ սեռային պատկանելիությունից: Երեխային պիտի սիրել այնպիսին, ինչպիսին նա կա՝ առանց տարբերություն դնելու՝ տղա է, թե աղջիկ: Իսկ հայկական ընտանիքներից շատերում այսօր նախապատվությունը տրվում է տղաներին: Դրա համար դաստիարակության թիվ մեկ կարևոր նախապայմանը բացարձակ սերն է: Պետք է հաճախ ասել, թե նա ինչքան կարևոր է, ինչ լավ է, որ նա ծնվեց: Չկա առավել ճիշտ դաստիարակություն, քան սիրելը: Չխառնվել ու չքննադատել, իսկ եթե օգնության կարիք ունի՝ օգնել առանց նախապայմանների:

– Ո՞ր ծնողի ներգրավվածությունն է կարևոր երեխայի դաստիարակության մեջ:

– Միանշանակ երկուսինն էլ: Երկուսն էլ միաժամանակ պիտի մասնակցեն երեխայի դաստիարակությանը: Երեխան ինքն է ընտրում, թե որ փուլում որ ծնողն է իրեն առավել անհրաժեշտ ու կարևոր:

– Երբ ընտանիքում երեխաները մեկից ավելին են, ինչպե՞ս ճիշտ բաշխել ուշադրությունը, որպեսզի երեխայի մոտ չառաջանա անտեսվածության զգացում, խանդ:

– Ամեն երեխա պիտի իմանա, թե ինչքան սպասված է ու կարևոր ծնողի համար: Ծնողը պետք է կարողանա հավասար բաշխել իր սերը, դա գալիս է ներքին հանգստությունից, ծնողի ներքին խաղաղ վիճակից:

– Լինել ծնո՞ղ, թե՞ ընկեր:

– Միանշանակ՝ ընկեր: Ծնողը պիտի կարողանա երեխային տալ սխալվելու ու նորից փորձելու հնարավորություն, որպեսզի երեխան կարողանա վստահել:

Պատրաստեց Սուսաննա Գրիգորյանը
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս