Բենզինը թանկացավ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ բոլոր լցակայաններում մեկ լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում է 400 դրամով: Ընդամենը երեք շաբաթ առաջ այդ տեսակի բենզինի մեկ լիտրը 360 դրամ էր: Փաստորեն այն թանկացել է 11 տոկոսով:

Տնտեսական տրամաբանության տեսանկյունից բենզինի նման կտրուկ թանկացումը չունի որևէ հիմնավորում: Խնդիրն այն է, որ ՀՀ ներկրվող բենզինը հիմնականում գալիս է ՌԴ-ից և իբր ունի արտոնյալ գին: Սակայն ՌԴ-ից ներմուծված բենզինն ամբողջությամբ «ստանում է» ՀՀ-ում գրանցված «Ռոսնեֆտ-Արմենիա» ընկերությունը, որի հիմնադիրը հենց «Ռոսնեֆտն» է: Վերջինս ստանում է բենզինը ՌԴ ներքին գներով և թանկ գնով վերավաճառում մյուս ընկերություններին: ՌԴ-ում բենզինը փոքր-ինչ թանկացել է:

Օրինակ, փետրվարին մեկ լիտրը Մոսկվայում վաճառվում էր 36 ռուբլով, հիմա՝ 37.8 ռուբլով: Դրամի վերածած՝ բենզինի գինը Մոսկվայում բարձրացել է ընդամենը 17 դրամով: Այսինքն՝ ՀՀ-ում բենզինի գնի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել միայն դրանով: Բայց քանի որ բենզինի գնի մեջ մյուս բոլոր բաղադրիչները մնացել են նույնը, ապա ՀՀ-ում ևս բենզինը պետք է թանկանար նույնքան, այսինքն՝ 17 կամ 20 դրամով: Դրանից ավել թանկացումը զուրկ է տրամաբանությունից»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս