4-ամյա փոքրիկի մահից հետո Ալավերդու մանկապարտեզի ազատված տնօրենը նորից նշանակվեց իր պաշտոնում. lurer.com
2017թ.-ի փետրվարի 14-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում գործող թիվ 3 մանկապարտեզից 4-ամյա երեխա էր փախել, հայտնվել Դեբեդ գետում և խեղդամահ եղել: Փոքրիկի մահից հետո ջրահեղձ եղած 4-ամյա երեխայի դաստիարակն ու մանկապարտեզի տնօրենը՝ Ռոզա Ավետյանն, ազատվեցին աշխատանքից:
Այս դժբախտ դեպքից հետո մանկապարտեզի գործունեությունը դադարեցվեց, իսկ Ալավերդու քաղաքապետարանից էլ տեղեկացրին, որ մանկապարտեզը չի գործի այնքան ժամանակ, մինչև նոր տնօրեն ու դաստիարակ նշանակվեն:
Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Ալավերդու քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամների միաձայն կողմ որոշումով՝ այս նույն մանկապարտեզի տնօրեն նշանակվեց նախկին տնօրենը՝ նույն ինքը՝ Ռոզա Ավետյանը, հաղորդում է lurer.com-ը:
Հավելենք, որ նոյեմբերի 5-ին Լոռու մարզում սպասվում են համայնքապետի ընտրություններ: Թեկնածուների ցանկում բացակայում է գործող համայնքապետի անունը: ՀՀԿ-ն առաջադրել է ոչ թե նրա, այլ թիվ 31 ԸԸՀ փոխնախագահ, մասնագիտությամբ իրավաբան, անկուսակցական Սասուն Խեչումյանի թեկնածությունը, և հավանաբար, ներկայիս համայնքապետ Կարեն Փարեմուզյանը որոշել է վերջին լավությունն անել, նոր հեռանալ պաշտոնից:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։