ԻՊ-ի ահաբեկիչներն իրենց կողմնակիցների 80 տոկոսին հավաքագրել են Համացանցի միջոցով. il Messaggero
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն իր կողմնակիցների 80 տոկոսին հավաքագրում է՝ օգտագործելով Համացանցը: Այդ մասին գրել է il Messaggero թերթը՝ վկայակոչելով Իտալիայի ներքին գործերի նախարար Մարկո Մինիտիին:
«ԻՊ-ն դարձել է առաջին ահաբեկչական կազմակերպությունը, որը Համացանցը դարձրել է իր հիմնական զենքը: Համաշխարհային ցանցը կարեւորագույն դեր է խաղում արմատական իսլամի հետեւորդներին ավելացնելու եւ կրոնական մոլեռանդություն տարածելու գործընթացում: Այդ աշխատանքի 80 տոկոսը կատարվում է Համացանցի միջոցով, գլխավորապես՝ զինյալների եւ կողմնակիցների հավաքագրելու նպատակով: Այդ ռազմավարությունը (Համացանցի օգտագործումը) թույլ է տալիս տպավորություն ստեղծել կազմակերպության ազդեցության մասշտաբների մասին»,-թերթը մեջբերում է նախարարի հայտարարությունը, որը նա արել է Հռոմի Լուիսի համալսարանում կիբեռանվտանգությանը նվիրված համաժողովում:
Մինիտին, որը նախկինում գլխավորել է ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը, կարծում է, որ ահաբեկչական նպատակներով Համացանցի օգտագործման խնդիրը «շատ բարդ է եւ լուրջ», իսկ այն լուծելը՝ չափազանց դժվար:
Համաժողովում նաեւ նշվել է, որ աշխարհում հաքերների գրոհներից ընդհանուր վնասը տարեկան կազմում է 445 մլրդ դոլար: Իսկ 2020 թվականին այդ թիվը կարող է հասնել 3 տրիլիոն դոլարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: