«Եթե սա մեզ պարտադրվել է, և սա միակ նախապայմանն է, որ մենք հնարավորություն կունենանք զենք ստանալ, հասկանանք». Գևորգ Գորգիսյան

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2013 թվականի հունիսի 25-ի` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը:

Նախագծի հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանն ասաց, որ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման դեպքում առանձնակի կարևորվում է վերջնական օգտագործման հավաստագիրը, որտեղ նվում է որ այդ արտադրանքը կարելի է օգտագործել ՀՀ-ի զինված ուժերի շահերից ելնելով.

«Այդ համատեքստում մատկարարող պետության հետ որևէ բան համաձայնեցնելու կարիք չկա, որովհետև հստակ է, եթե հավաստագրում կա, որ կարող է օգտագործվել ՀՀ-ի զինված ուժերի շահերի համատեքստում, ապա մենք կարող ենք օգտագործել հենց այդ համատեքստում»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարցով դիմեց Կ. Նահապետյանին. «Երրորդ կողմերի դրդմամբ արդյոք սա չի՞ կարող խնդիր առաջացնել պայմանագրի մյուս կողմի՝ ՌԴ-ի համար, օրինակ, Ադրբեջանը միջազգային ատյաններ դիմի, որ պայմանագիրը չի կատարվում, և պետք է վերահսկողություն լինի կամ նման բաներ»:

Ի պատասխան՝ Կ. Նահապետյանն ասաց. «Ինչ վերաբերվում է երրորդ պետությունների գործողություններին, մենք որևէ բան չենք կարող բացառել, և ցանկացած պետություն կարող է մեր դաշնակից երկրի հետ մտնել որոշակի հարաբերությունների մեջ, բայց ակնհայտ է, որ մենք ձևավորում ենք պայմանագրային իրավական դաշտ՝ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման դեպքում հսկողություն իրականացնելու համար: Այս ամենը կատարվում է երկու պետությունների ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում, և այն ամբողջության համապատասխանում է մեր ռազմական կարիքներին»:

Իր ելույթում Գ. Գորգիսյանն ասաց, որ ինչքան էլ նշվի, որ սա միջազգային պրակտիկայում ընդունված նորմ է, ինքը չի հասկանում այս պայմանագրի դրդապատճառները.

«Մեր ինչի՞ն է սա պետք: Եթե սա մեզ պարտադրվել է, կրկին ասենք այն մասին, որ մեզ այսուհետ վաճառվելու է զենք այս պայմանով: Կգան, կվերահսկեն, կասեն՝ կան կասկածներ, որ մենք «ԻՍԻՍ»-ին ենք դա վաճառելու, ու դրա համար մեզ ուզում են վերահսկել: Ուզում եմ հասկանալ՝ որտեղի՞ց է գալիս սրա անհրաժշտությունը, եթե սա մեզ պարտադրվել է, և սա միակ նախապայմանն է, որ մենք հնարավորություն կունենանք զենք ստանալ, հասկանանք ու կողմնորշվենք մեր քվեարկության մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս