Էրդողանը մեկնել է Իրան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանում կայանալիք թուրք-իրանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler-ը:
Թեհրանում Էրդողանը հանդիպումներ կունենա նախագահ Հասան Ռուհանիի և Իրանի կրոնական առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ:
Քննարկման կենտրոնական թեման լինելու են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում անցկացված անկախության հանրաքվեն և դրա հետևանքները: Բացի այդ, կողմերն անդրադառնալու են նաև Սիրիայում տիրող իրավիճակին և սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ ձեռնարկվող քայլերին:
Էրդողանն ու Ռուհանին խոսելու են նաև ձեռնարկվելիք այն քայլերի մասին, որոնք շնորհիվ երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը նախատեսվում է հասցնել 30 մլրդ ԱՄՆ դոլարի: