Եվրախորհրդարանը դժգոհություն հայտնեց Brexit-ի շուրջ բանակցություններից
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները դժգոհություն են հայտնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններից: Բանաձեւում, որը ընդունվել է ԵԽ-ի՝ Ստրասբուրգում ընթացող նստաշրջանում, մատնանշվում է գլխավոր հարցերի շուրջ առաջընթացի բացակայությունը։
Փաստաթղթում պատգամավորները նշում են, որ «Մեծ Բրիտանիայի հետ կայացած բանակցությունների (սեպտեմբերի 25-28-ին) չորրորդ փուլում ԵՄ-ի գերակայությունների գծով առաջընթացը բավարար չԷ»: Խորհրդարանականների կարծիքով, առաջխաղացում չկա երեք հանգուցային հարցերում, որոնք վերաբերում են «Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, Միացյալ Թագավորության ֆինանսական պարտավորություններին եւ Իռլանդիայի ու Հյուսիսային Իռլանդիայի սահմանների հարցի կարգավորմանը»:
Ինչպես նշել է Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին, «քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը բացարձակ գերակայություն է Եվրոպական խորհրդարանի համար»:
Ստրասբուրգի պալատի կողասրահներում հիշեցնում են, որ Բրյուսելի եւ Լոնդոնի փոխհարաբերությունների կարգավորման հարցում վերջին խոսքը պատկանում է ԵԽ-ին: Օրենսդիրները կարող են կա՛մ ընդունել պայմանագիրը, կա՛մ մերժել այն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: