2017 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 1 922 183 մարդ, որը 24 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Ինչպես տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, Սեպտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 255 010 մարդ՝ 2016թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 15.5 տոկոսով:
2017 թվականի սեպտեմբեր ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 245 364 մարդ՝ 11.2 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա ցուցանիշը:
2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 20.3 տոկոս աճ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 17 183 տոննա ապրանք, որը 49.7 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2017 թվականի սեպտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 9646 մարդ:
«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 65 889 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 7 065 մարդ:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 21 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: