Ոչ մի ռաբիսություն, ցուցադրական բան, այլ՝ համեստ, ճաշակով. մանրամասներ՝ Լևոն Արոնյանի պսակադրությունից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 30-ին Սերժ Սարգսյանի քավորությամբ կայացել է շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի հարսանիքը։ Հիշեցնենք՝ հարսնացուն ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի Արիանա Կաոլին է։
Հարսանիքը կազմակերպվել է հայկական ավանդույթներով, երգչուհի Սոնա Շահգելդյանի «Հարսի շոր» երգի ներքո։ Խնջույքը «Ռեդիսոն բլյու» ռեստորանային համալիրում է եղել, պսակադրությունը՝ Սաղմոսավանքում։
Հյուրերի կազմում շատ չեն եղել պաշտոնյաները, բայց մեծ թվով դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, արտասահմանցի հյուրեր են եղել՝ Ավստրալիայից մինչև ԱՄՆ։ Պաշտոնյաներից ներկա են եղել Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը, Հրայր Թովմասյանը, Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը, Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։ Խնջույքը վարել է Ավետ Բարսեղյանը, ոչ մի ռեստորանային երգիչ կամ շոու բիզնեսի աստղ ներկա չի եղել։
«Արևիկ» երգչախումբը երգ է ներկայացրել շախմատի և Արոնյանի մասին, Լևոն Արոնյանը և Ռիտա Սարգսյանը միասին երգել են Երևանին նվիրված երգ՝ «Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել…»։
Այդ տեսանյութը քննարկվում էր համացանցում։ Մեկի փոխարեն 2 տորթ է եղել՝ հարսանեկան և շախմատի տեսքով, որի խաղաքարերը շոկոլադե «կեքս-ֆիգուրներ» են եղել։ Դրանց շուրջ շախմատային պարտիա է կայացել՝ խաղացել են քավոր-հարս և փեսա-քավորկին ֆորմատով։ Հարսն ասմունքել է Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին», պարել ուզունդարա։ Հարսանիքի տարոսիկները գինու շշի տեսքով են եղել, վրան՝ նորապսակների նկարները, ճաշացանկը՝ երկու լեզվով»։
«Ոչ մի ռաբիսություն, ոչ մի ցուցադրական բան, համեստ, գեղեցիկ, ճաշակով և շատ բարձր մակարդակով», – պատմել է հյուրերից մեկը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: