Վազգեն Խաչիկյանի գույքն ու ողջ ունեցվածքն անհետացել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որ մոտ 290 մլն դրամ յուրացնելու համար դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման, բայց հինգ տարի անց ազատ արձակվեց, այդպես էլ չի փոխհատուցել պետությանը հասցված վնասը:
Դեռ ավելին՝ պարզվում է՝ ժամանակին Խաչիկյանն այնքան հաշվենկատ է գտնվել, որ իր ողջ ունեցվածքը կամաց-կամաց մերձավորների անունով է գրանցել, եւ երբ ժամանակը եկել է, որպեսզի դատարանը բռնագանձի նրա հափշտակած կենսաթոշակները, պարզվել է՝ Խաչիկյանը ոչինչ չունի՝ բացի Վանաձորի բնակարանից, որի համասեփականատեր է:
Թերթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ից տեղեկացրել են, որ դեռ 2015թ. նոյեմբերին իրենք կատարողական վարույթ են հարուցել, ձեռնարկվել են բոլոր միջոցները Խաչիկյանին պատկանող գույքը եւ դրամական միջոցները հայտնաբերելու ուղղությամբ, արգելադրվել է Վանաձորի բնակարանը:
«Այլ գույք եւ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել»,- ասված է պատասխանում: Այսինքն՝ երբեմնի հարուստ Խաչիկյանը, պարզվում է, ոչինչ չունի:
Մինչդեռ, ըստ օդում կախված լուրերի, նա Ալավերդու ճանապարհին գազալցակայան ունի, տաքսի ծառայություն, երկու բնակարան՝ Երեւան քաղաքում, ավտոմեքենաներ եւ այլն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: