Կատալոնիայում անկարգությունների հետևանքով տուժածների թիվը գերազանցել է հազարը
Ավելի քան հազար մարդ է տուժել Կատալոնիայի ընտրատեղամասերում իսպանական ոստիկանության հետ բախումների հետեւանքով, որտեղ հոկտեմբերի 1-ին հանրաքվե է անցկացվել Իսպանիայից տարածաշրջանի անկախության շուրջ, որը Մադիրիդի կողմից անօրինական է ճանաչվել: Այդ մասին հայտնել են տարածաշրջանի առողջապահության մարմինները:
Մասնավորապես, 294 մարդ տուժել է Բարսելոնայում, 355 հոգի՝ քաղաքի մերձակա բնակավայրերում, 46 մարդ վիրվավորվել է Կատալոնիայի կենտրոնական մասում, 249-ը՝ Ժիրոնայում, 111-ը՝ Լիեյդայում, 55-ը՝ Տերես դե Լեբրե տարածաշրջանում: Տուժածներից առնվազն երկուսը ծանր վիճակում են:
Բուժօգնություն է պահանջվել 33 ոստիկանների, որոնք ապահովում էին հասարակական կարգը:
Ընտրական տեղամասերի փակվելուց հետո Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ Կատալոնիայում հանրաքվեն չի կայացել, իսկ օրինապահ քաղաքացիների մեծամասնությունն այն անտեսել է: Մինչդեռ Կատալոնիայի Ժեներալիտետի (կառավարության) պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը հայտարարել է, որ Իսպանիայից անջատվելու օգտին հանդես է եկել հանրաքվեում քվեարկածների 90 տոկոսը: Ընդամենը դրան մասնակցել է 2,3 մլն մարդ՝ ձայնի իրավունք ունեցող 5,3 մլն քաղաքացիներից:
Անկախությանը դեմ է քվեարկել ընտրատեղամասեր եկածների 7,8 տոկոսը, քվեարկության մասնակիցների 2 տոկոսը դատարկ քվեաթերթիկնե է նետել քվեատուփ, քվեաթերթիկների 0,89 տոկոսը փչացված է եղել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Լուսանկարը` REUTERS