Վիճելի համարվող եկեղեցիների հարցը Դամոկլյան սրի պես կախված է հայ-վրացական հարաբերությունների վրա
2017թ. սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Վրաստանում հայկական վիճելի համարվող եկեղեցիների հարցը Դամոկլյան սրի պես կախված է հայ-վրացական հարաբերությունների վրա:
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին եւ մյուս կողմից Գումբուրդո գյուղի ժողովրդին չենթարկվել նոր սադրանքների եւ առաջացած խնդիրները կարգավորել երկխոսության միջոցով: Անհրաժեշտ է, որպեսզի նման բարդ պայմաններում պահպանվի հասարակական կարգն ու հարգվի երկրի օրենսդրությունը: Մյուս կողմից պարտադիր է որպեսզի երկրի օրենքը հարգվի նաեւ Վրաստանի ուժային կառույցների կողմից եւ բացառվի նման իրավիճակներում ժողովրդի հանդեպ ուժի կիրառման հնարավորությունը:
Նույն ժամանակ կոչ ենք անում Վրաստանի իշխանությանը վերջապես լսել միջազգային կառույցների կոչերին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի պետ քարտուղարության Վրաստանի մասով բազմաթիվ զեկույցներին եւ վերջապես լուծում տալ վիճելի համարվող եկեղեցիների հարցը: Համոզված ենք, որ Վրաստանի բռնած ուղին դեպի եվրոպական ապագա օգնելու է երկրի իշխանություններին լուծել տալու վիճելի համարվող հայկական եկեղեցիների հարցը:
Հարկ է նշել, որ Գումբուրդո գյուղում ստեղծված իրավիճակը վկայում է նրա մասին, որ նմանատիպ պայթունավտանգ իրավիճակներից վաղը հեշտությամբ կարող են օգտվել Վրաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված արտաքին ուժեր, որոնք փոքրիկ սադրանքների միջոցով կփորձեն ապակայունացնել իրավիճակը մեր շրջանում: Եւ այդ իսկ պատճառով օր առաջ անհրաժեշտ է վերջապես լուծում տալ վիճելի դարձած եկեղեցիների երկարաձգվող խնդրին:
Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիները ոչ միայն հայ ժողովրդի մշակութային ժառանգությունն են այլ նաեւ Վրաստան պետության բազմամշակույթ հարուստ ժառանգության վկայությունն են, որոնք վերադարձվելով իր տերերին կրկին մնալու են Վրաստանի տարածքում եւ ծառայելու են Վրաստանի հայազգի քաղաքացիների կրոնական կարիքներին:
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն
01.10.2017թ. ք. Ախալցխա
akhaltskha.net