«Սեկվեստրի վտանգ չկա». Կառավարությունը հաստատեց 2018թ. պետական բյուջեի նախագիծ
Կառավարությունն այսօր նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց բյուջեի հիմնական ցուցանիշները:
«Մենք մեր կանխատեսումներում բարձրացրել ենք տնտեսական աճի ցուցանիշը, որը գործող բյուջեում 3.2% էր ամրագրվել, բայց այժմ 5.2% է, և բոլոր ճյուղային զարգացումները ցույց են տալիս, որ 2018թ.-ին տնտեսական աճը կլինի 4.5%»,- ասաց Վ.Արամյանը` հավելելով, որ արդյունաբերության և գյուղատնտեսության գծով ակնկալում են 6% և 4% աճ` այս տարի ձեռնարկված միջոցառումների շնորհիվ:
Ըստ նրա` ընթացիկ ծախսերի աճը կկազմի 2-2.5%, փոխարենը՝ կապիտալ ծախսերի աճն է բարձր, որպեսզի տնտեսական աճի հիմքեր ստեղծվեն, ավելացել է նաև պաշտպանական ոլորտի ֆինանսավորումը: Նախարարի խոսքով` եկամուտներն ավելացվում են 100 մլրդ դրամով և կկազմեն 1 տրլն 307 մլրդ դրամ, ծախսերի գծով` 1,499.5 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 156.9 մլրդ դրամ:
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ բյուջեն սեկվեստրի է ենթարկվելու, Վ.Արամյանը պաշտոնապես հայտարարեց. «Նման գաղափարախոսություն չկա: Այս տարվա քաղաքականությունը կշարունակվի մյուս տարի»:
Որպես ապացույց՝ նա նշեց նաև այն հանգամանքը, որ վարկանիշային կազմակերպությունները պահպանել ՀՀ ռեյտինգները: