«Ինքս ևս մի փոքր մտահոգություն ունեմ». Արմեն Մարտիրոսյան

«Հրաժարվելու համար բազմաթիվ պատճառներ կարող են բերվել, ինքս էլ կարող էի հրաժարվել, քանի որ ցուցակում անձինք կան, որոնց շատ լավ ճանաչում եմ ու բացարձակ նրանց հետ որևէ քայլ չէի անի, բայց քանի որ տեսլականը Ժիրայր Սէֆիլյանինն է, ես որևէ պատասխանատվությունից չեմ հրաժարվում»,- մեզ հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով Ժիրայր Սէֆիլյանի կոչի արձագանքների և իր ունեցած ակնկալիքների մասին:

Հիշեցնենք, որ անազատության մեջ գտնվող Ժիրայր Սէֆիլյանն «Արմավիր» ՔԿՀ հասցեական դիմում է հղել Հայաստանի ընդդիմադիր հասարակական և քաղաքական գործիչներին՝ կոչ անելով «վերջ տալ ինքնախաբեությանը և ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր օրակարգով ստեղծել Ազգային դիմադրության ճակատ» և իշխանափոխություն իրականացնել:

Ա. Մարտիրոսյանն ասաց, որ անկախ որոշ մարդկանց հանդեպ ունեցած իր վերապահումներից՝ ինքը պատրաստ է պատասխանատվություն վերցնել իր վրա. «Այդ ցուցակի ճնշող մեծամասնությանը հարգում եմ, ուստի այդ համատեղ աշխատանքին ես պատրաստ եմ: Թե ինչ կլինի, չեմ կարող ասել, ես ինքս ևս մի փոքր մտահոգություն ունեմ՝ հասարակության ակտիվության հետ կապված, տարիների աշխատանքն իշխանությունների կողմից արդյունք տվեց, հասարակությունն ապատիայի մեջ ընկավ, հասարակական-քաղաքական կյանքից փորձում է հեռու մնալ: Բայց այն խնդիրները, որոնք կան, դրանցից ոչ մեկը չի լուծվել, և այդ խնդիրներն ավելի են խորացել՝ անվտանգությունից սկսած, վերջացրած սոցիալ-տնտեսական խնդիրներով: Դրա համար, թե ի՞նչ կլինի, չեմ կարող ասել, բայց ցանկացած պարագայում իմ ջանքերը հնարավորինս այդտեղ կներդնեմ»:

Մեր դիտարկմանը՝ բայց այստեղ միայն հասարակության խնդիրը չէ, ընդդիմությունն ինքը չի միավորվում, Ա. Մարտիրոսյանն այսպես արձագանքեց. «Համաձայն եմ ձեզ հետ, որովհետև հասարակությանը պետք է որոշակի այլընտրանք ներկայացվի, հասարակությունը պետք է այդ միավորող ուժը տեսնի, երբ միավորումներ են եղել, մեր քաղաքացիներն ակտիվորեն մասնակցել են պայքարին, բայց երբ ամեն մեկն իր սայլն է քշել, այդ դեպքում հասարակությունը ևս կողք է քաշվել: Այդ խնդիրն ընդունում եմ, բայց հենց Ժիրայր Սէֆիլյանի ասածի մեջ նաև դա է, որ միավորում պետք է լինի»:

Հարցին՝ քաղաքական գործիչների արձագանքներն ինչպե՞ս եք գնահատում և նրանց մերժումներն ինչո՞վ եք բացատրում՝ Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Մի փոքր վաղ է գնահատելը, որովհետև հնարավոր է՝ մի քանի հոգի մերժեն, մի քանիսը կարող է՝ կողք քաշվեն, բայց խնդիրն այն է, թե գործընթաց կլինի՞, թե՞ ոչ, միավորում կլինի՞, թե՞ ոչ: Կարծում եմ՝ գործընթացն ինքը ցույց կտա՝ որքանով այդ միավորումը խոշոր կամ փոքր կլինի, նախնական վիճակով մի մասը դրական արձագանքել է, այսինքն՝ պատասխանատվությունից չեն խուսափել»:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ ով հրաժարվել է, համարում եք, որ խուսափե՞լ է պատասխանատվությունից, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ չի ուզում քննադատել որևէ մեկին. «Ես ինչ-որ մեկի քննադատը չեմ, ոչ էլ գնահատական եմ ուզում հնչեցնել, ամեն մեկն ինքն է որոշում իր քայլերը»:

«Ազգային դիմադրության ճակատի» ձևավորման համակարգման աշխատանքներով զբաղվող Պետրոս Մակեյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին փուլում իրենք փորձում են հասկանալ յուրաքանչյուրի տեսակետը, որից հետո կփորձեն հանդիպում նախապատրաստել, իսկ ավելի ուշ ցուցակից դուրս մարդկանց ընդգրկելու շուրջ աշխատանքներ կտարվեն:

«Կարծում եմ՝ գերակշիռ մեծամասնությունը դրական են գնահատել և համամիտ են, կան նաև մերժողներ, հիմնական պատճառաբանությունն անձնական հարաբերություններն է ցուցակում եղած մարդկանց հետ, որը, կարծում եմ՝ այնքան էլ ճիշտ չէ, որովհետև, եթե մեծ խնդիրներ ես փորձում լուծել, ապա անձնական հարաբերությունները պետք է կողքի դնել: Կա նաև տարբեր աշխարհաքաղաքական ուղղվածության մարդկանց իրար հետ հարաբերվելու խնդիրը: Սա էլ արհեստածին պատճառաբանություն է: Եթե համաձայն չեն այն գնահատականների հետ, որ տվել է Ժիրայր Սէֆիլյանը, թող ասեն՝ համաձայն չենք այդ գնահատականների հետ»,- նշեց Պ. Մակեյանը:

Հարցին՝ հայտնի՞ են Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի դիրքորոշումներն այս հարցի կապակցությամբ, Պ. Մակեյանը պատասխանեց, որ խոսակցություն չի եղել նրանց հետ: Մեր ճշտող հարցին, թե՝ ինչո՞վ եք բացատրում, որ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը դեռևս գնահատական չեն հնչեցնում այդ կոչի հետ կապված, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Չեմ կարող ասել, ես դեռևս չեմ խոսել իրենց հետ, բնականաբար, փորձելու եմ խոսել»:

Տեսանյութեր

Լրահոս