ԵՄ-ն անտեսում է ճգնաժամը Կատալոնիայի և Իսպանիայի հարաբերություններում. Պուչդեմոն
ԵՄ-ն անտեսում է ճգնաժամը Իսպանիայի կենտրոնական կառավարության եւ Կատալոնիայի հարաբերություններում: Այդ մասին, ինչպես հայտնել է Associated Press գործակալությունը, սեպտեմբերի 27-ին հայտարարել է ինքնավար տարածաշրջանի ղեկավար Կառլես Պուչդեմոնը:
«Նրանք շատ խիզախ են, երբ խոսում են այն երկրների մասին, որտեղ իրենք իրավասություններ չունեն, բայց որտե՞ղ են նրանք, երբ նրանց քաղաքացիներն իրենց կարիքն ունեն,- գործակալությունը մեջբերում է Պուչդեմոնի խոսքը:- Կատալոնացիներին թիկունք դարձնե՞լն է Եվրոպայի որոշումը»:
Նրա կարծիքով՝ հոկտեմբերի 1-ի հանրաքվեն թույլ կտա լսելի դարձնել ինքնավարության բնակիչների ձայնը: «Նա, ով չի ցանկանում լսել մեր ձայնը, պետք է դիմի ականջի բժշկի»,- հայտարարել էքաղաքական գործիչը: Պուչդեմոնի խոսքով՝ այն դեպքում, եթե կատալոնացիները քվեարկեն անկախության օգտին, ինքը կդիմի եվրոպական հանրակցությանը միջամտելու խնդրանքով:
Ավելի վաղ Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը խելահեղություն է որակել հոկտեմբերի 1-ին պլանավորված անկախության հանրաքվեն Կատալոնիայում: Նա «մեծ սխալ» է համարել միակողմանի որոշումը հանրաքվեի մասին: «Կարծում եմ, որ այս իրավիճակում անհրաժեշտ է վերադառնալ ողջամտությանը եւ վերջ դնել այս ամբողջ պատմությանը: Միակ բանը, ինչին կբերի այդ հանրաքվեն, պառակտումն է ու լարվածությունը»,- հավելել է Ռախոյը:
Հարցումների համաձայն, Կատալոնիայի անկախությունը պաշտպանում է ինքնավար հանրակցության 41 տոկոսը, 49 տոկոսը դեմ է արտահայտվում: Ինքնավար հանրակցության կարգավիճակի շուրջ հանրաքվեի անցկացման օգտին հանդես է գալիս կատալոնացիների 80 տոկոսը, սակայն նրանց մեծամասնությունը գտնում է, որ քվեարկության անցկացումը պետք է համաձայնեցվի Մադրիդի կենտրոնական իշխանությունների հետ: Քվեարկությունը, որը Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են անցկացնել հոկտեմբերի 1-ին, կատալոնացիների 60 տոկոսի կարծիքով, օրինական չէ եւ չի կարող իրավական հետեւանքներ ունենալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: