«Դու ինչ ես անում Արցախի համար» ծրագրի շրջանակներում արցախցի երեխաները նոր երաժշտական գործիքներ են ստացել
Սեպտեմբերի 26-ին, «Դու ինչ ես անում Արցախի համար» ՀՀ սփյուռքի նախարարության նախագծի շրջանակներում Արցախի մի շարք արվեստի ու երաժշտական դպրոցներ համալրվել են երաժշտական գործիքներով:
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ 160 միավոր տարբեր գործիքներ ձեռք են բերվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Բուենոս Այրեսի մասնաճյուղի կազմակերպված դրամահավաքի միջոցով: Մասնաճյուղի փոխատենապետ Անտոնիո Սարաֆյանի խոսքով՝ «Դու ինչ ես անում Արցախի համար» ծրագրի շրջանակներում 10 համերգ է կազմակերպվել Հարավային Ամերիկայի տարբեր քաղաքներում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ համերգի նպատակն էր տարածել հայկական մշակույթը, ճանաչելի դարձնել Արցախը և դրա հետ մեկտեղ դրամահավաք կազմակերպել` մոտ 1 տարի առաջ հայտարարված շարժմանը միանալու համար:
Երեք դաշնամուրից մեկը տրամադրվել է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքին, երկուսը` Ստեփանակերտի N 4 մանկապարտեզին, մյուս գործիքները հանձնվել են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը` հանրապետությունում գործող արվեստի, երաժշտական դպրոցներին և երաժշտական քոլեջին տրամադրելու համար: