Հրապարակվել է Կապանում 9-ամյա աղջնակի կյանքը խլած վթարի գործով վճիռը. դատավորի եղբորորդին դատապարտվել է
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է հուլիսի 21-ին անչափահաս աղջկա կյանքը խլած վթարի գործով դատավճիռը։ 27-ամյա երիտասարդը, ով դատավորի եղբորորդի է, դատապարտվել է 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և 150 հազար դրամ տուգանքի, 3 տարի ժամկետով զրկվել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։
Ինչ մեղադրանք է առաջադրվել
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017թ. հուլիսի 21-ին` ժամը 22:10-ի սահմաններում, թեթև աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում վարելով «Լեքսուս GX 470» մակնիշի ավտոմեքենան, Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի վերջնամասում, խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, ստեղծել է վթարային իրադրություն և պայմանավորելով ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումն ու ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից` բախվել է ու վրաերթի է ենթարկել ճանապարհի երթևեկելի մասն իր վարած ավտոմեքենայի ընթացքի ուղղությամբ ձախից դեպի աջ հատող հետիոտն, անչափահաս աղջկան, նրան կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքների պատճառելով` անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:
Բացի այդ, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ տրանսպորտային միջոցն անմիջապես կանգնեցնելու, այն չտեղաշարժելու, վթարային լույսերը միացնելու, դեպքի մասին իրավապահ մարմիններին հայտնելու և նրանց ներկայանալուն սպասելու փոխարեն՝ դիտավորությամբ թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը` իր վարած «Լեքսուս GX 470» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերել դեպքի վայրից և դիմել փախուստի:
Արագացված դատական քննություն
Ըստ դատական ակտի՝ մինչև դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու բնույթն ու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում:
Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:
Դատարանն ապացուցված է համարել ամբաստանյալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կատարումն ու գտել, որ կատարած արարքների համար վերջինս ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի:
Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել պատիժ նշանակելու պահին նրա խնամքի տակ մինչև տասնչորս տարեկան երեխայի առկայությունը, մեղայականով ներկայանալը, խոստովանական ցուցմունք տալը, կատարած հանցանքի համար անկեղծորեն զղջալը:
Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտվել հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը։