«Հայատյացությունն Ադրբեջանում պետական կրոն է»․ Աշոտյան. Azatutyun.am

Ընդդիմադիր պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով էլ՝ Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ խաղաղության, «այդ երկիրը պատրաստ չէ անգամ որևէ թեմայով երկխոսության»:

«Հայատյացությունն Ադրբեջանում պետական կրոն է»: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, ով օրերս Բաքվում մասնակցել է Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կազմակերպած համաժողովին:

Աշոտյանի ընդգծմամբ՝ իրենց «փոքր, բայց հպարտ» պատվիրակության այցն Ադրբեջան ցույց տվեց, որ այդ երկիրը պատրաստ չէ ո՛չ երկխոսության, ո՛չ էլ, առավել ևս, խաղաղության: «Համարենք, որ հայատյացությունը Ադրբեջանում պետական կրոն է, և այդ կրոնը երկրպագողների թիվը, ցավոք սրտի, շատ է: Սա ասում եմ, ելնելով այն հանգամանքից, որ մենք պետք է իրոք հասկանանք, որ մեր հարևան հանրապետության ժողովուրդը տարիներ շարունակ ենթարկվել է հակահայկական քարոզչական ներգործության, թունավորվել է հակահայկական լոզունգներով, և այս ամենը, ցավոք, տեսանելի ապագայում որևէ տեսակի երկխոսության արդյունավետության հույս չի ներշնչում»,- ասաց Արմեն Աշոտյանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խոսքով, դա անշուշտ չի նշանակում, թե չպետք է երկխոսել, ընդհակառակը՝ ցանկացած հարթակ պետք է օգտագործել՝ ադրբեջանական հասարակության հետ շփվելու համար, քանի որ տարիներ շարունակ իրականացվող հակահայկական քարոզչության արդյունքում այնտեղ «հայերից կերտել են արնախում ժողովդի» կերպար: Միևնույն ժամանակ, Արմեն Աշոտյանը շեշտում է՝ նաև չպետք է սին խաղաղասիրությամբ կերակրենք մեր ժողովրդին: «Մենք չպետք է մեր սին պացիֆիզմով, խաղաղասիրությամբ կերակրենք ժողովրդին և կորցնենք մեր զգոնությունը: Խաղաղության հասնելու համար միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի: Սա երևի թե ամենապարզ ու ամենաիրական հետևությունն է, որ պետք է անել մեր այցից»,- շարունակեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Եվրանեսթի ԽՎ Բաքվում կայացած համաժողովին հայ խորհրդարանականներից մասնակցել է նաև ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը: Երկօրյա այցից նույն տպավորությունն է ստացել՝ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության, անգամ՝ որևէ թեմայով երկխոսության: Թանդիլյանը շեշտում է՝ ցանկացած հարց, անգամ կանանց իրավունքներին վերաբերող թեմաներն ադրբեջանական կողմը մտածված վերածում է հակահայկական քարոզչության։

«Ըստ էության, նրանք անգամ այդպիսի նեյտրալ միջոցառումը պատրաստ են վերածել հակահայկական քարոզի: Շատ սլացիկ անցում էր կատարվում պատերազմական իրավիճակում գտնվող կանաց հարցերին, կանանց նկատմամբ բռնությանը, որ նաև հայերն են դա արել և այլն, և այլն: Այսինքն՝ ամեն թեմայի մեջ, ամեն խոսքից հետո նրանք պատրաստ են դա վերածել հակայկական ագիտացիայի: Դա նշանակում է, որ նրանք հատկապես Արացախի թեմայի շուրջ երկխոսելու պատրաստ չէն»,- «Ազատությանն» ասաց Մանե Թանդիլյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հատկանշական է համարում, որ իրենց երկօրյա այցի ընթացքում որևէ ադրբեջանցի պաշտոնյա կամ պատգամավոր հայկական պատվիրակության հետ շփվելու որևէ փորձ չարեց: «Ելք»-ի պատգամավորի դիտարկմամբ՝ այնտեղ ամեն ինչ վերահսկվում է, և որևէ մեկն ինքուրույն կարծիք արտահայտելու իրավունք չունի․ «Մեզ հետ շփվում էին միայն այն մարդիկ, ում որ կարելի էր»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութեր

Լրահոս