Բաժիններ՝

Կատալոնիայի ղեկավարը չի կասկածում, որ հանրաքվեն կկայանա, չնայած քվեաթերթիկների առգրավմանը

Իսպանիայի Կատալոնիայի մարզի ղեկավար Կառլես Պուչդեմոնը չի կասկածում, որ տարածաշրջանի անկախության՝ հոկտեմբերի 1-ին պլանավորված հանրաքվեն կկայանա: Սեպտեմբերի 25-ին այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի Frans Inter ռադիոկայանին։

Պուչդեմոնին հարց է տրվել, թե որքանով է իրատեսական սահմանված ժամկտում հանրաքվեի անցկացումն այն բանից հետո, երբ Իսպանիայի իշխանություններն առգրավել են քվեարկության համար նախատեսված շուրջ 10 միլիոն քվեաթերթիկները եւ ձերբակալել հանրահարցման կազմակերպմամբ զբաղվող կատալոնացի պաշտոնատար անձանց:

«Մենք կանխատեսել էինք նման մակարդակի հակազդումը պետության կողմից, նույնիսկ եթե այդ հակազդումը նաեւ լիովին դուրս է գալիս Իսպանիայի Սահմանադրության սահմաններից, չէ որ իշխանությունները գործել են այնպես, ասես սահմանվել է արտակարգ դրություն եւ կասեցված է Կատալոնիայի ինքնավարությունը՝ առանց խորհրդարանում որեւէ քննարկման:

Մենք կանխատեսել էինք այդ հնարավորությունը, եւ ես հավաստում եմ, որ քվեարկության համար տեղեր կլինեն, կլինեն քվեաթերթիկներ եւ, որ ամենագլխավորն է՝ կլինեն քվեարկողներն իրենք»,- հավաստիացրել է Կատալոնիայի ղեկավարը:

Ըստ որում նա նշել է, որ երկյուղ չի կրում հակամարտության էսկալացումից: Մեկնաբանելով այն հայտարարությունները, թե Մադրիդի արգելքի շրջանցմամբ հանրաքվեի անցկացումը կարող է երկրում հանգեցնել քաղաքացիական պատերազմի, Պուչդեմոնն ընդգծել է, որ «բռնությունը ելք չէ Կատալոնիայի համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս