Բաժիններ՝

«ԳՖՀ-ի ուժեղ կառավարությունն այժմ ԵՄ-ի համար ավելի կարևոր է, քան երբևիցե». Յունկեր

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելին հայտարարել է, որ Գերմանիայի ուժեղ կառավարությունն այժմ ավելի կարեւոր է ԵՄ-ի համար, քան երբեւիցե, եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կոալիցիա ձեւավորելու շուրջ բանակցությունների հաջողության հույս է հայտնել: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը։

«Նախագահ Յունկերը կանցլերի հետ խոսել է այսօր առավոտյան եւ գրել է նրան՝ ջերմորեն շնորհավորելով Գերմանիայի ընտրություններում չորրորդ անգամ անընդմեջ պատմական հաղթանակ տանելու առթիվ: Նախագահ Յունկերը հիշեցրել է, որ ներկայիս լուրջ մարտահրավերների լույսով այժմ Եվրոպային ավելի շատ է հարկավոր ուժեղ կառավարություն Գերմանիայում, քան երբեւիցե»,-ասել է Սհինասը՝ մեկնաբանելով ԳՖՀ-ում կայացած ընտրությունների արդյունքները:

Նրա խոսքով՝ «նամակում նախագահ Յունկերը հույս է հայտնել, որ կոալիցիոն կառավարություն ստեղծելու շուրջ բանակցությունները կնպաստեն դրան»:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը շահել է երկրում կայացած խորհրդարանական ընտրությունները, ընդամենը Բունդեսթագ է անցել վեց կուսակցություն:

ՔԴՄ/ՔՍՄ-ն հավաքել է ձայների 33 տոկոսը, երկրորդ տեղում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է՝ 20,5 տոկոս ձայներով, առաջին անգամ խորհրդարան է անցել աջ «Ալյընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը, որի օգտին քվեարկել է ընտրողների 12,6 տոկոսը:

Հինգ տոկոսի արգելքը հաղթահարել են նաեւ լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝10,7 տոկոս, «Ձախերը»՝ 9.2 տոկոս, «Կանաչները»՝ 8,9 տոկոս:

Համերկրային ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միություն- Քրիստոնեասոցիալական միություն պահպանողական դաշինքը կզբաղեցնի Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի 709 տեղերից 246-ը: Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կստանա 153 մանդատ, ինչը 40-ով պակաս է 2013 թվականին կայացած նախորդ ընտրությունների ցուցանիշից:

«Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը, որն ավելի վաղ ներկայացված չի եղել խորհրդարանում, կզբաղեցնի 94 տեղ: Ազատ դեմոկրատական կուսակցությանը բաժին կհասնի 80 տեղ, «Կանաչներին»՝ 67, Ձախ կուսակցությանը՝ 69 տեղ:

Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 76,2 տոկոս, ինչը 4,7 տոկոսով բարձր է, քան 2013 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս