Մեծ Բրիտանիան պետք է ԵՄ-ին 52 մլրդ եվրո վճարի իր դուրս գալու համար
Մեծ Բրիտանիան պետք է Եվրամիությունից դուրս գալու գործընթացի (Brexit) շրջանակներում Եվրամիությանը (ԵՄ) վճարի 52 միլիարդ եվրո, որպեսզի մարի գործող եվրոպական ծրագրերի գծով ավելի վաղ հոժարակամ ստանձնած ֆինանսական պարտավորությունները:
Այս մասին ՏԱՍՍ-ին Բրյուսելում հայտնել է դիվանագիտական մի աղբյուր՝ Միության կազմից դուրս գալու պայմանների շուրջը՝ բանակցությունների՝ սեպտեմբերի 25-ին այստեղ բացվող չորրորդ փուլի նախաշեմին: «Միության գործող պարփակ բազմամյա բյուջեին (2014 – 2020 թվականներ) համապատասխան համաեվոպական հանգուցային ծրագրերի իրագործման համար Մեծ Բրիտանիայի ֆինանսական հանձնառությունների ծավալը կազմում է 52 միլիարդ եվրո»,- նշել է նա:
Բրյուսելում սեպտեմբերի 25-ին սկսվում է Brexit-ի պայմանների շուրջը բանակցությունների չորրորդ եւ վճռորոշ փուլը: Երկու կողմերն էլ արդեն հասկանալ են տվել, որ մեծ հույսեր են տածում այդ փուլի առնչությամբ, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 28-ը:
Դա երկու պատճառ ունի. նախ, վերջին օրերին Լոնդոնը եւ Բրյուսելը բանակցային գործընթացի սկզբից ի վեր առաջին անգամ մի շարք քայլեր են արել միմյանց ընդառաջ, իսկ երկրորդ, ներկայիս փուլը պետք է դառնա վերջինը եւ վճռորոշը Եվրամիության՝ հոկտեմբերի 19 – 20-ը կայանալիք գագաթնաժողովից առաջ, որի մեկնարկից առաջ կողմերը մտադրվել Էին ավարտել բանակցային գործընթացի առաջին փուլը, որը նվիրված է եվրոպական ապահարզանի պայմանների ճշտմանը, եւ անցնել երկրորդ փուլին. ապագա հարաբերությունների սկզբունքների սահմանմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: