Բաժիններ՝

Մեսրոպ Մակյանն ու Արտակ Թադևոսյանը գործուղվեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանը և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը գործուղվել են Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Համապատասխան որոշումը սեպտեմբերի 23-ին կայացրել է ՀՀ դատարանների խորհուրդը։ Արտակ Թադևոսյանն ու Մեսրոպ Մակյանը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են գործուղվել 6 ամսով՝ սեպտեմբերի 25-ից։

Որոշման մեջ դատարանների խորհուրդը նշել է, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը դատարանների նախագահների խորհրդին ներկայացված միջնորդությամբ հայտնել է, որ` դատարանում առկա է քրեական մասնագիտացում ունեցող դատավորի 4 հաստիք, ներառյալ՝ դատարանի նախագահի հաստիքը:

Դատարանի նախագահը ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2015 թվականի մայիսի 18-ի թիվ 25Լ որոշման համաձայն՝ քննում է դատարանի քրեական մասնագիտացում ունեցող մեկ դատավորին նախորդ 6 ամսվա ընթացքում հանձնված գործերի քանակից 25%-ով պակաս գործեր, այսինքն` վերջինիս հանձնվող գործերի տոկոսաչափը կազմում է 75%:

ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2017թ. օգոստոսի 29-ի որոշմամբ՝ դատարանի քրեական մասնագիտացում ունեցող դատավոր Արտուշ Գաբրիելյանի անուն-ազգանունը սույն թվականի օգոստոսի 30-ից մինչև դեկտեմբերի 29-ը ներառյալ՝ հանվել է գործերի բաշխման ցանկից` հաշվի առնելով վերջինիս վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը:

Դատարանի քրեական մասնագիտացում ունեցող մյուս դատավորը` Աննա Դանիբեկյանը, 31.08.2017թ.-ից գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում, հետևաբար՝ վերջինիս անունը-ազգանունը նույնպես տվյալ պահին հանված է գործերի բաշխման ցանկից:

Ըստ որոշման՝ դատարանի նախագահը հայտնել է, որ ներկայումս դատարանում քրեական մասնագիտացում ունեցող թվով 4 դատավորներից միայն դատավոր Վարդան Գրիգորյանին հանձնվող գործերի տոկոսաչափն է կազմում 100%, ինչն էականորեն ավելացնում է վերջինիս հանձնվող գործերի քանակը և լրացուցիչ անհամաչափ ծանրաբեռնվածություն է ստեղծում տվյալ դատավորի համար:

2017 թվականի ընթացքում, օգոստոսի 29-ի դրությամբ՝ դատարանում ստացվել և մուտքագրվել է 84 քրեական գործ` 139 անձի վերաբերյալ, ինչպես նաև 2016 թվականից փոխանցվել է 72 քրեական գործ` 134 անձի վերաբերյալ. ընդհանուր առմամբ` 156 քրեական գործ` 273 անձի վերաբերյալ:

Դատարանի վարույթում առկա են հասարակական հնչեղություն ստացած, ինչպես նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ այլ քրեական գործեր, որոնք վերաբերում են 2016թ. հուլիս ամսին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին, 2016թ. հուլիս ամսին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքները զավթելու և պահելու դեպքերին, ՀՀ ԱՆ ՔՎ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բռնության գործադրմամբ և գույքի վնասմամբ և ոչնչացմամբ զուգորդված զանգվածային անկարգություններին, և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս